Օբաման ծրագրում է Գուանտանամոյի բանտից հավելյալ կալանավորներ տեղափոխել այլ երկրներ

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծրագրում է, մինչեւ հունվարի 2Օ-ին նախագահության իր ժամկետը լրանալը, ահաբեկչության մեջ կասկածյալ հավելյալ թվով կալանավորներ Գուանտանամոյի բանտից տեղափոխել արտասահմանյան երկրներ։ Այս քայլով նա փորձում է խոչընդոտել կալանավորներին ազատ արձակելու գործընթացը կանգնեցնելու Դոնալդ Թրամփի ջանքերը։

Գունատանամոյի բանտը բացվել է նախկին նախագահ Ջորջ Բուշի օրոք, ԱՄՆ-ի դեմ 2ՕՕ1 թվականին իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո։ Այստեղ պահվել են ալ Քաիդայի ու ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի ընթացքում Մերձավոր Արեւելքում ու Աֆղանստանում գերված անձինք։

Այս կալանավայրը դարձել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից քննադատության առարկա, քանի որ բանտում երկար տարիներ պահվում են կալանավորներ՝ առանց դատական որոշումների։ Դատական լսումների համար նրանց դեմ փաստեր հավաքելու նպատակով, կալանավորները երբեմն ենթարկվում են խոշտանգումների։

Օբաման 2ՕՕ9 թվականին նախագահի պարտականությունները ստանձնելով՝ խոստացել էր փակել Գուանտանամոյի բանտը, սակայն այս ուղղությամբ նրա ջանքերը կասեցվել են Կոնգրեսի կողմից։

Ներկայումս այստեղ դեռեւս պահվում է 59 կալանավոր, երբ մի քանի տարի առաջ նրանց թիվը հասնում էր 8ՕՕ-ի։


Օբամայի վարչակազմը կալանավորների մի մասին հանձնել է այն երկրներին, որոնց քաղաքացիներն են նրանք, որպեսզի այնտեղ անցկացվեն դատավարություններ։ Որոշ թվով կալանավորներ տեղափոխվել են երրորդ երկրներ, ոմանք՝ ազատ արձակվել առանց դատավարության։

Նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է տվել Գուանտանամոյի բանտը բաց պահելու մասին խոստումներ՝ հայտարարելով նույնիսկ, որ գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնելու դեպքում ինքն ՝՝այն լցնելու է ավելի մեծ թվով վատ մարդկանցով՛՛։