Թուրքիայում սկսվել է հեղաշրջման գործով առաջին դատավարությունը

Թուրքիայում սկսվել է ձախողված հեղաշրջման գործով 29 ոստիկանների դատավարությունը: Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ոստիկանները այս տարվա հուլիս ամսին մասնակցություն են ունեցել ձախողված հեղաշրջմանը, որը հանգեցրել էր զանգվածային անկարգությունների և խլել 270 մարդու կյանք: Ըստ Ստամբուլի դատախազության՝ այս ոստիկանները չեն իրականացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրը պաշտպանելու իրենց պետական պարտականությունը։ Ոստիկաններից քսան մեկին սպառնում է ցմահ, երկուսին՝ մինչև 15 տարվա ազատազրկում: Թուրքիան նաև մեղադրում է Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, սակայն վերջինս հերքում է մեղադրանքները։

Այս տարվա հուլիս ամսից ի վեր, Թուրքիայի կառավարությունը ավելի քան 40,000 մարդ է ձերբակալել, աշխատանքից հեռացրել 100.000 քաղաքացիական ծառայողների, որոնց թվում են ուսուցիչներ և դատավորներ: Ըստ մեղադրանքների, նրանք առնչություն են ունեցել Գյուլենի հետ և ներգրավված եղել նրա հեղաշրջման սցենարում:

Արևմտյան մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն են հայտնել առ այն, որ Էրդողանն օգտագործում է առիթը թիրախավորելու նաև այն կազմակերպություններին, որոնք քննադատաբար են հանդես գալիս իր քաղաքականության դեմ:

Թուրքիան Գյուլենին նաեւ մեղադրել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ: Մինչեւ մեղադրանքներ ներկայացնելը, Ռուսաստանը սպասում է համատեղ հետաքննության արդյունքներին: