Թունիսի քաղաքացին Բեռլինի սուրբծննդյան շուկայի ահաբեկչության հիմնական կասկածյալն է

Demonstrators protest against a right wing demonstration at the Kaiser-Wilhelm-Gedaechtniskirche, in Berlin, Dec. 21, 2016, after a truck plowed through a crowd at a Christmas market Monday night.

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բեռլինյան ահաբեկչությունը և Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն ապացուցում են, որ ինքը ճիշտ էր:

«Սա հարձակում է մարդկության դեմ, որը պետք է կանգնեցվի»,- հայտարարել է Թրամփը:

Նախընտրական քարոզարշավի օրերին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի մահմեդականների ներգաղթը երկիր մինչև նոր, ավելի կատարելագործված վերահսկողության համակարգի ստեղծումը:

Բեռլինում օրերս աջակողմյան ուժերն անցկացրեցին բողոքի ցույց՝ հարձակման պատասխանատվությունը դնելով կառավարության ներգաղթի քաղաքականության վրա:

Սակայն գերմանացիների ավելի մեծ խումբ միացավ փախստականներին ի նշան միասնության և ահաբեկչության դեմ պայքարի: Նրանց ձեռքում կային «Բեռլինը միասնական է» և «Մեզ չեք բաժանի» պաստառներ: Մարդիկ երգում էին՝ «Մենք ենք աշխարհը»:

Գերմանիայի իշխանությունները հայտնել են Բեռլինի սուրբծննդյան շուկայի ահաբեկչության հիմնական կասկածյալի անունը: Դա 24-ամյա թունիսցի Անիս Ամրիին է, ում ապաստանի վերաբերյալ փաստաթղթերը մերժվել էին հուլիսին: Նրա հայտնաբերմանն օգնելու համար սահմանվել է 104 հազար դոլարի պարգևատրում:

«Դաշնային դատախազը հայտարարել է, որ հիմնական կասկածյալն այդ թունիսցին է: Նրա դրամապանակը հայտնաբերվել է բեռնատարի խցիկում»:

Ըստ նախնական վարկածի՝ կասկածյալը սպանել է բեռնատարի լեհ վարորդին, այնուհետև բեռնատարն ուղղել դեպի շուկայում հավաքված ամբոխը: Գերմանիան հայտարարել է նրա հետախուզումն ամբողջ Եվրոպայում: Պաշտոնատար անձինք նշում են, որ կասկածվող անձի մեղավորությունը դեռևս վերջնական ապացուցված չէ:

«Ակնհայտ է, որ խոսքը գնում է վտանգավոր անձի մասին, ով արդեն հայտնի էր իրավապահ մարմիններին և պատկանում էր ծայրահեղ իսլամիստների շրջանակներին»,- ասում է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մեերը:

Վերջին տարիների ընթացքում բազմամարդ վայրերը դարձել են իսլամիստ ծայրահեղականների հիմնական թիրախներից մեկը: