Ամերիկացի փորձագետները հաջորդ տարի հավանական են համարում նոր բախումները Ղարաբաղում

A tank of the self-defense army of Nagorno-Karabakh moves on the road near the village of Mataghis, April 6, 2016.

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ամերիկացի փորձագետների կարծիքով հաջորդ տարի Ղարաբաղում չի բացառվում նոր ռազմական հակամարտության բռնկում:

«Միջնորդական ջանքերի ձախողման, սպառազինությունների մրցավազքի և հրադադարի հաճախակի խախտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը գնալով աճում է», - փաստում է Ամերիկայի ամենաազդեցիկ փորձագիտական կենտրոններից մեկի՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) զեկույցը, որի նպատակն է կանխատեսել 2017-ի հավանական հակամարտություններն ու դրանց հնարավոր ազդեցությունը Միացյալ Նահանգների վրա:

«Եթե չլինեն արդյունավետ միջնորդական ջանքեր, հրադադարի խախտումներն ու նոր թափ ստացած լարվածությունը կարող են վերստին բորբոքել ղարաբաղյան հակամարտությունը՝ ապակայունացնելով Հարավային Կովկասը: Սա կարող է ազդել նաև Ամերիկայի տնտեսական շահերի և համաշխարհային նավթային շուկայի վրա», - փաստում են վերլուծաբանները՝ չբացառելով, որ նոր պատերազմի հետևանքով Ադրբեջանից գազի և նավթի արտահանումը կարող է ընդհատվել:

Ղարաբաղը ավելացնելով հաջորդ տարվա այն վտանգների շարքում, որոնք պետք է կանխարգելել, ամերիկացի փորձագետները միաժամանակ պատերազմի բռնկման հնարավորությունն ու Նահանգների վրա դրա ազդեցության մակարդակը շատ բարձր չեն գնահատում: Փոխարենը՝ Ամերիկայի ազգային շահերին լրջագույնս սպառնացող և խիստ հավանական է համարվում ռազմական բախումը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև. - «Արևելյան Եվրոպայում Կրեմլի ագրեսիվ վարքագծի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի հետ հակամարտության բռնկումը՝ միտումնավոր կամ ոչ դիտավորյալ, դարձել է 2017-ի ամենագլխավոր մտահոգությունը», - փաստում է զեկույցը:

Ընդ որում, ամերիկացի փորձագետները նույնչափ հավանական ու վտանգավոր են համարում նաև ռազմական գործողությունների ակտիվացումը թուրքերի և քրդերի միջև: - «Եթե քրդերը հաջողեն Սիրիայի տարածքում անկախ պետություն հիմնելու գործում, դա կարող է ակտիվացնել անջատողական տրամադրությունները Մերձավոր Արևելքի քրդաբնակ մյուս շրջաններում», - պնդում է զեկույցը:

Արտաքին հարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետները նաև ընդգծում են, որ թուրք-ամերիկյան կապերը սկսել են երերալ՝ Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաջորդ տարվա գլխավոր վտանգների շարքում են նշվում նաև քայքայիչ կիբերհարձակումները Ամերիկայի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հնարավոր ահաբեկչությունները Ամերիկայի տարածքում կամ դաշնակից երկրներում:

«Հիմա, երբ Վաշինգտոնում նախագահական նոր վարչակազմ է իշխանության գալիս, անհրաժեշտ է օգնել, որ որոշում կայացնողները կանխեն և խուսափեն ամերիկյան շահերին սպառնացող ճգնաժամերից», - հայտարարել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Փոլ Սթեիրսը:

Զեկույցն իր հերթին փաստում է․ - «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնում է փոթորկահույզ ժամանակներում, և հնարավոր է՝ շատ ժամանակ չանցած արդեն նրա վարչակազմը կանգնի լուրջ արտաքին ճգնաժամի առաջ»: