Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թայլերսոնին բնորոշել է որպես պետքարտուղարի պաշտոնի համար «փայլուն թեկնածու»: Կարծիք, որի հետ համամիտ է նաեւ վերլուծաբանների մի մասը.
«Նա կառավարման փայլուն փորձ ունի, ինչն օգտակար է։ Սակայն նա չունի բավարար քաղաքական փորձ», - նշում է Ջորջթաունի համալսարանի դասախոս, դեսպան Բարբարա Բոդայնը:
Թայլերսոնի նախկին գործընկերներն արդեն իսկ աջակցել են նրա թեկնածությունը.
«Նավթի, աշխարհաքաղաքականության ու դիվանագիտության միջեւ նուրբ սահման է անցնում», - նշել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամադ Բարքինդոն:
Ռեքս Թայլերսոնին հենց այս սահմանով է անհրաժեշտ զգուշորեն անցնել՝ Սենատում հաստատվելու համար:
«Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները հարցեր ունեն Թայլերսոնին շահերի բախման հետ կապված, Վլադիմիր Պուտինի հետ նրա երկարատեւ ու սերտ հարաբերությունների եւ Ամերիկայի շահերը պաշտպանելու ունակության վերաբերյալ», - նշում է Դելավեր նահանգի սենատոր դեմոկրատ Քրիս Քունսը:
Ռեքս Թայլերսոնը դեմ էր արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշմանը, քանի որ դրանք վնաս էին հասցնում ExxonMobil ընկերությանը, հիշեցնում են փորձագետները:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհին մարդկանց կողմից նկատվող նեղ անձնական որեւէ շահ, կարող է լուրջ խնդիրներ հարուցել», - նշում է Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Ջեյմս Գոլդգեյերը:
Միացյալ Նահանգների գործող արտգործնախարար Ջոն Քերրին արդեն իսկ շնորհավորել է Թայլերսոնին, եւ լիարժեք աջակցություն խոստացել անցումային շրջանում: