Ֆերգուսոնի ոստիկանությունում շարունակվում են բարեփոխումները

Black Millennials

Ֆերգուսոն քաղաքի ոստիկանապետ Դելրիշ Մոսը պատասխանատու է քաղաքի ոստիկանության բարեփոխումների համար:

«Ամենամեծ խնդիրն այսօր կապված է ոչ թե արդարադատության նախարարության լիազորությունների, այլ տեղում ոստիկանության աշխատակիցների պակասի հետ»:

Ոստիկանության Ֆերգուսոնի բաժնից հեռացվել են շատ ոստիկաններ 2014 թվականին քաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո, երբ ոստիկանությունը սպանել էր անզեն աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունին:

Արդարադատության նախարարության հետաքննությունը բացահայտեց քաղաքում ոստիկանության դիրքերի չարաշահման և բազմաթիվ խախտումների դեպքեր ռասայական հողի վրա: Այն բացահայտեց նաև, որ չնայած աֆրոամերիկացիները կազմում են քաղաքի բնակչության երկու երրորդը, նրանք պատասխանատվության են ենթարկվել կամ ձերբակալվել քաղաքում գրանցված գրեթե բոլոր խախտումների ու պատահարների համար:

Ոստիկանապետ Մոսն ուներ Մայամիի ոստիկանությունում 32 տարվա աշխատանքային փորձ և պատրաստվում էր անցնել թոշակի, երբ 2016 թվականին ստացավ առաջարկ գլխավորելու Ֆերգուսոնի ոստիկանությունը:

1980-ականներին Մոսը դեռահաս էր և բնակվում էր Մայամիում, երբ այնտեղ սկսվեցին խռովություններ և բախումներ ոստիկանության և աֆրոամերիկյան համայնքի միջև: Նա ասում է, որ այս փորձը շատ օգտակար է:

«Ես պատասխանատվության կենթարկեմ ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր անօրինականությամբ կզբաղվեն և աշխատանքից կհեռացնեմ նրանց, ովքեր կոտնահարեն ոստիկան լինելու պատիվը: Կարծում եմ որոշ մարդիկ գիտակցեցին իմ խոսքերի լրջությունը»:

Ֆերգուսոնի դեպքերը հակաոստիկանական բողոքի ցույցերի առիթ դարձան ողջ երկրով մեկ: Ոստիկանապետ Մոսը ասում է, որ ինքը ցանկանում է փոխել ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը, որի արդյունքում հանրությունը պետք է ընկալի, որ ոստիկանության նպատակն իրենց օգնելն է, իսկ ոստիկանները գիտակցեն, որ դա իրենց առաքելությունն է:

Ոստիկանապետ Մոսն ասում է, որ ներկայումս նա շարունակում է բարեփոխումներն ու աշխատանքները ոստիկանության անձնակազմի հետ, որն ավելի է ընդլայնվում նոր աշխատակիցներով: