Հետաքննություն է սկսվել բրազիլական ֆուտբոլային թիմը փոխադրող ինքնաթիռի աղետի հետ կապված

Colombia Plane Crash

Կոլումբիայի պաշտոնատար անձինք հաղորդում են, որ բրազիլական առաջին խմբի ֆուտբոլային թիմի ինքնաթիռի կործանման արդյունքում 81 ուղևորներից կենդանի են մնացել միայն 5-ը: Ինքնաթիռը հատուկ չվերթ էր իրականացնում դեպի Մեդելինի միջազգային օդանավակայան:

Մեդելինի քաղաքապետ Ֆեդերիկո Գութիերեզն ինքնաթիռի կործանումն անվանել է «մեծ ողբերգություն»: Ինքնաթիռի կործանման հետաքննությունը ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի տնօրեն Ալֆրեդո Բոկանեգրան:

«Ակնհայտ է, որ նման տեսակի հետաքննություններում մենք չենք կարող բացառել որևէ տարբերակ՝ ի հավելում նախնական բացահայտմանը, որ ինքնաթիռը ունեցել է խնդիրներ էլեկտրականության հետ: Կործանումը վերապրածների վկայությունները որոշակի պարզաբանումներ կմտցնեն: Մենք պատրաստվում ենք հետաքննություն իրականացնել, և ի տարբերություն հեռավոր տարածության վրա տեղի ունեցած այլ ինքնաթիռների պատահարների, այս պարագայում դեպքի վայրը հասանելի է»:

Ավիացիայի գծով պատասխանատուները հաղորդում են, որ բրիտանական ինքնաթիռը, որը շահագործում էր «Լամիա» բոլիվիական ընկերությունը, երկուշաբթի երեկոյան հաղորդել է արտակարգ դրության մասին՝ էլեկտրականության հետ կապված խնդրի պատճառով:

Ինքնաթիռը, որը կանգ էր առել բոլիվիական Սանտա Քրուիզ քաղաքում, տեղափոխում էր հարավային Բրազիլիայից «Chapecoense» ֆուտբոլային թիմը: Այն չորեքշաբթի օրը պետք է ֆուտբոլային հանդիպում ունենար Մեդելինիում տեղի Atletico Nacional թիմի դեմ Հարավային Ամերիկայի գավաթի՝ Copa Sudamericana-յի եզրափակչի շրջանակում: Սա Սանթա Քատարինա փոքր նահանգից այս թիմի ամենամեծ նվաճումներից էր: Թիմի հիմնադիրներից մեկը՝ Ալվադիր Փելիսերն ասել է, որ այս ողբերգությունը վերջ դրեց բոլորի երազանքներին:

Բրազիլիայում հայտարարված է եռօրյա սուգ, իսկ իսպանական աշխարհահռչակ ֆուտբոլային ակումբներ Ռեալ Մադրիդն ու Բարսելոնան մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան ինքնաթիռի կործանման պատճառով չեղյալ է հայտարարել բոլոր հանդիպումները: Աղետից հետո Atletico Nacional թիմը դիմել է ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով Copa Sudamericana-յի գավաթը շնորհել Chapecoense-ին:

Ավիացիայի պատասխանատուներն ասում են, որ ինքնաթիռում են գտնվել 72 ուղևորներ և անձնակազմի 9 անդամներ: Տեղական ռադիոն տեղեկացնում է, որ նույն ինքնաթիռն այս ամիս Բրազիլիա է տեղափոխել Արգենտինայի ազգային հավաքականը: