Օբաման մեծ հույսերով է նայում դեպի աշխարհի ապագան

Your browser doesn’t support HTML5

Բարաք Օբաման Պերու կատարած այցով եզրափակեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում արտասահմանյան իր վերջին ուղեւորությունը՝ փորձելով մեղմել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ աշխարհում տարածվող անհանգստության ալիքը։

Նախագահի պաշտոնում արտասահմանյան իր վերջին ուղեւորության ընթացքում Բարաք Օբաման հանդիպում ունեցավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի անդամ 21 երկրների առաջնորդների հետ։ Հանդիպման ընթացքում նա մեկ անգամ եւս իր աջակցությունը հայտնեց միջազգային առեւտրի զարգացմանը եւ Միջխաղաղօվկիանոսյան գործընկերությանը՝ հայտարարելով սակայն, որ դրանց ապագան այլեւս իրենից չէ կախված։

Ճամփորդության ընթացքում վերջին մամլո ասուլիսն էլ Օբաման օգտագործեց Դոնալդ Թրամփին սթափեցնող խորհուրդներ տալու համար՝ նշելով, որ Ամերիկան պիտի շարունակի աշխարհում կարգ ու կանոնը պաշտպանելու իր առաքելությունը, պահպանելու համար խաղաղությունն ու կայունությունը։

՝՝Եթե մենք ճիշտ քայլերի հետեւում չկանգնենք, եթե չունենանք մեր առջեւ նպատակ ու դրան հասնելու համար ընտրված ճիշտ ուղիներ ու եթե չկարողանանք լիակատար կերպով պայքարել այդ նպատակների համար, այլոք այդ բացը լրացնել չեն կարողանալու։

Այն հարցին, թե արդյոք ինքը հեռու կմնա նախագահի պաշտոնում Թրամփին քննադատելուց, Օբաման ասաց, թե ինքը կհարգի Թրամփի պաշտոնավարումը եւ նրան որոշ ժամանակ կհատկացնի դրա համար, սակայն կարտահայտվի նրա քաղաքականության դեմ, եթե վստահ լինի, որ ոտնահարվում են ամերիկյան գլխավոր արժեքները։

Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի մի շարք պետություններ ներկայացնող մոտ 1ՕՕՕ երիտասարդներ Պերուի մայրաքաղաք Լիմայում Օբամային դիմավորեցին մեծ խանդավառությամբ, որտեղ նա փորձեց հորդորել նրանց Թրամփից չակնկալել վատագույնը։

՝՝Ժողովրդավարություն ասելով՝ հասկանում ենք, որ երբեմն հարկավոր է գնալ փոխզիջումների։ Ժողովրդավարությունը չի նշանակում, որ ընտրությունների արդյունքն անպայմանորեն պիտի լինի մեր կամքին համապատասխան՛՛։

Արտասահմանյան վերջին ուղեւորության հրաժեշտի խոսքում Օբաման հայտարարեց, որ 8 տարի նախագահի պաշտոնավարման ընթացքում միլիոնավոր կիլոմետրեր ճամփորդելուց ու աշխարհի տարբեր հատվածներում բազում երիտասարդների հանդիպելուց հետո, ինքը մեծ հույսերով է նայում դեպի աշխարհի ապագան։