Ռուսաստանի Գերագույն դատարանը բեկանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական մեղադրանքը եւ գործը հետ ուղարկել ստորին դատարան՝ նոր դատավարություն սկսելու համար։
Նավալնին դատապարտվել էր 2Օ13 թվականին Կիրովի դատարաններից մեկում, որը կայացրել էր նրան 5 տարով ազատազրկելու որոշում՝ պետական ընկերություններից մեկից 5ՕՕ հազար դոլարի համարժեք փայտանյութ հափշտակելու մեղադրանքով։
Դատական վճիռը Նավալնիին թույլ չէր տալիս մինչեւ 2Օ33 թվականը մասնակցել ընտրություններին։ Սակայն, մեղադրանքը հանվելու արդյունքում նա ստանում է 2Օ18 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի մրցակիցը դառնալու հնարավորություն։
Նավալնին 2Օ11 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո սկսված հակակառավարական լայնամասշտաբ ցույցերի գլխավոր կազմակերպիչն էր։ Ցույցերի մասնակիցները բողոքում էին ընտրությունների ժամանակ Միացյալ Ռուսաստան կառավարող կուսակցության օգտին տեղ գտած լայնածավալ խախտումների դեմ։
Պուտինը, 4 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, 2Օ12 թվականին Կրեմլ վերադառնալով, ուժեղ ճնշումներ սկսեց ընդդեմ իր ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության։