Հայաստանը մնում է ազատ Ինտերնետով երկիր

Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից:

«Իսլանդիայի եւ Էստոնիայի կողքին, որոնք լավագույնն են, գտնվում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը», - նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Ազատ երկրների թվում են նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Ընդհանուր թվով՝ 17 երկիր: Freedom House-ի փորձագետ Ադրիան Շահբազի խոսքով, Եվրասիայի տարածքում ազատ համացանց ունեցող երկրները երկուսն են՝ Հայաստանը եւ Վրաստանը: Չնայած, որ երկուսն էլ համացանցի ազատության ոլորտում չնչին անկում են արձանագրել, միեւնույն է, մնացել են ազատ Ինտերնետ ունեցող երկրներ: Այսպես, ի տարբերություն Եվրասիայի բոլոր այլ երկրների, Հայաստանում եւ Վրաստանում չկան Ինտերնետում քննարկման համար արգելված հասարակական եւ քաղաքական թեմաներ:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում արգելվում է համացանցում քննադատել իշխանությունները, իսկ Թուրքիայում եւ Ադրբեջանում արգելվում է նաեւ ծաղրել իշխանություններին, մինչդեռ Ռուսաստանում եւ Ուկրաինայում գրանցվել են առցանց խաղաղ բնույթի գրառումների համար ձերբակալությունների դեպքեր:

«Ուկրաինայում մենք ականատեսը եղանք ձերբակալությունների եւ ազատազրկումների՝ քաղաքական դիրքորոշումն առցանց խաղաղ արտահայտելու համար: Մարդիկ ազատազրկվել էին ծայրահեղականության մեղադրանքով: Նույնը տեղի էր ունեցել Ռուսաստանում, որտեղ օրենքով նախատեսված առավելագույն ազատազրկումներ են գրանցվում խաղաղ քաղաքական դիրքորոշման արտահայտման համար», - նշել է Շահբազին:

Վատագույն իրավիճակն է գրանցվել Չինաստանում եւ Իրանում, այս երկրների իշխանությունները Freedom House-ի փորձագետների խոսքով, փորձում են իրենց երկրների տարածքում համացանցի վրա լիարժեք հսկողություն հաստատել: Միեւնույն ժամանակ, Շահբազին ընդգծել է, որ փորձագետները գիտակցում են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում եւ՝ առցանց.

«Միջազգային հանրությանը անհրաժեշտ է մշակել դրա դեմն առնելու դրական միջոցներ, քանի որ աշխարհով մեկ ընդունվող հակաահաբեկչական օրենքները չափազանց ծայրահեղ մոտեցում են որդեգրում: Այսպես, առցանց ահաբեկչության քրեականացման հետ մեկտեղ մենք տեսնում ենք, ինչպես է քրեականացվում նաեւ խաղաղ կարծիքի արտահայտումը», - նշում է փորձագետը:

Օրինակ, Թաիլանդում քաղաքացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում թագավորական ընտանիքին քննադատելու համար, իսկ Չինաստանում համալսարանի դասախոսը դատապարտվել է ցմահ ազատազրկման կառավարության քաղաքականությունը հարցականի տակ դնելու համար: Իրանում երիտասարդ ծաղրանկարիչը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Ֆեյսբուքում օրենսդիրներին կենդանիների տեսքով պատկերելու համար:

Ինտերնետից օգտվող մարդկանց երկու երրորդը ապրում է համացանցում իշխանությունների քննադատման սահմանափակ պայմաններում։ Այդ պայմաններում, ըստ փորձագետի, առավել մեծ հույս են ներշնչում Հայաստանի եւ Վրաստանի նման երկրները, որոնց հաջողվում է մնալ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։