Օբաման հաստատում է. Թրամփը ՆԱՏՕ-ի կողմնակից է

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի պահպանման եւ ամրապնդման մեջ, հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման՝ նախագահի պաշտոնում իր վերջին արտերկրյա ուղերձի նախօրեին տված ասուլիսի ընթացքում.

«Նորընտիր նախագահի հետ զրույցում նա մեծ հետաքրքրություն է արտահայտել մեր ռազմավարական հարաբերությունների պահպանման մեջ: Այնպես որ, իմ այցի ընթացքում ես փոխանցելու եմ ՆԱՏՕ-ին նրա նվիրվածությունը: Ես մեր գործընկերներին տեղյակ եմ պահելու, որ երբ հարցը վերաբերում է Ամերիկայի պատրաստակամությանը պահպանել ամուր դաշինքներ, մեր կամքը չի փոխվելու: Այդ դաշինքներն օգտակար են ոչ միայն Եվրոպայի համար, դրանք օգտակար են նաեւ Միացյալ Նահանգների համար եւ՝ անհրաժեշտ աշխարհին», - նշել է Բարաք Օբաման:

Նախագահ Օբամայի խոսքով, միջազգային ոլորտում հարցերը կարգավորվում են ոչ միայն նախագահի մակարդակով, ով գործադիրի ղեկավարն ու գլխավոր հրամանատարն է, այլեւ այլ շփումների ընթացքում՝ զինվորականների, դիվանագետների, օրենսդիրների, գաղտնի ծառայությունների մակարդակով: Օբաման համոզված է, որ Ամերիկան կպահպանի իր նշանակությունն աշխարհի մարդկության համար.

«Սա ամբողջ աշխարհով մեկ հսկայական փոփոխությունների ժամանակ է, սակայն, Ամերիկան միշտ եղել է հենասյուն եւ հույսի առագաստ աշխարհով մեկ մարդկության համար, եւ այդպես էլ պետք է շարունակվի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հաջորդ նախագահի անձին, ապա Բարաք Օբամայի խոսքով, Դոնալդ Թրամփը սրտաբաց անձնավորություն է, ով սիրում է բուռն քննարկումների մեջ մասնակցել, սակայն՝ նաեւ պրագմատիկ է.

«Արդյոք ես ունե՞մ մտահոգություններ: Անշուշտ, իհարկե ունեմ: Ես եւ նա տարբեր հայացքներ ունենք բազմաթիվ հարցերի շուրջ, սակայն, դաշնային կառավարությունը փոքրիկ նավակ չէ, այլ հսկայական մի նավ եւ շոշափելի փոփոխություններ կատարելու համար ժամանակ է հարկավոր»: