Ամերիկահայ կազմակերպությունները ամփոփոիւմ են ամերիկյան ընտրությունների արդյունքները

Trump

Ինչպես են գնահատում անցած ընտրությունները ամերիկահայ կազմակերպությունները և ինչպիսի ակնկալիքներ կան նոր վարչակազմից ամերիկահայությանը հոզող խնդիրների վերաբերյալ: Այս հարցերի շուրջ կարծիքներ հայտնեցին Միացյալ Նահանգներում գործող երկու հիմնական հայկական կառույցները՝ Հայ Դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին; Մենք ակնկալում ենք աշխատել նոր վարչակազմի հետ մեզ հուզող խնդիրների շուրջ, որոնցից է Հայոց Ցեղասպանության ճանաչումը: ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականությունը հնարավորություն է տալիս Թուրքիային շարունակաբար ժխտելցեղասպանությունը, և մենք հույս ունենք, որ նոր վարչակազմը կվերանայի այս առումով ամերիկյան արտաքին քաղաքականությունը: Չի բացառվում, որ նոր նախագահը որդեգրի նոր մոտեցումներ այս առումով: Մեր առաջնահերթություններից են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների, հատկապես տնտեսական հարաբերությունների խորացումը և իհարկե աջակցությունը Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքներին և մասնավորապես՝ սիրիահայությանը ինչպես Սիրիայում, այնպես էլ սիրիահայ փախստականներին՝ Հայաստանում»:

Ամերիկայի հայկական հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասում է. «Սա նոր էջ է Ամերիկայի ու ամերիկյան ժողովրդի համար: Ժամանակն է համախմբվելու ու հասկանալու, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ նոր Կոնգրեսի ու հաջորդ վարչակազմի հետ հարաբերություններում: Մեր խնդիրները չեն փոխվել: Մենք շարունակելու ենք Կոնգրեսի անդամների ու ամերիկյան պաշտոնյաների հետ մեր շփումների ընթացքում բարձրացնել հայությանը հուզող հարցերը, մասնավորապես Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, Ադրբեջանի հայության դեմ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, փոքրամասնությունների և հայկական համայնքներին վերաբերող խնդիրների հետ կապված հարցեր: Ժամանակն է, որ համայնքը միավորվի և բարձրաձայնի իր խնդիրների մասին: Երբ, օրինակ, ԱՄՆ-ի նախագահն էր հանրապետական Ռոնալդ Ռեյգանը, ամերիկահայությունը կարողացավ հասնել նրա կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը»:

Նոյեմբերի 8-ի ընտրությունները պատմական էին ԱՄՆ-ի համար: Դրանց ընթացքում ամերիկահայ կառույցները չաջակցեցին թեկնածուներից ոչ մեկին, սակայն անհատական առումով, որպես Միացյալ Նահանգների քաղաքացիներ, ամերիկահայությունը շարունակում էր ակտիվորեն ներգրավված լինել ընտրությունների ընթացքին:

Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «Այս ընտրությունները կարևոր էին ամերիկահայության համար, ովքեր անհատապես ներգրավված էին ընտրություններին: Սա պայքար էր ոչ միայն պահպանողական ու լիբերալ թևերի կամ ձախերի ու աջերի միջև, սա նաև պայքար էր գործող քաղաքական համակարգի ու համակարգից դուրս գտնվող ուժերի միջև, որտեղ պետքարտուղար Քլինթոնը ներկայացնում էր իշխող համակարգը կամ ստատուս քվոն, իսկ նորընտիր նախագահ Թրամփն՝ այդ համակարգին չպատկանող հատվածը»:

Ամերիկայի հայկական հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասում է: «Ամերիկահայությունը ամերիկյան հասարակության մասն է: Մենք տեսանք, որ ամերիկյան հանրությունը, ըստ հետազոտությունների, կիսված էր երկու թեկնածուների միջև, որի ժողովրդավարական հանգուցալուծումն էր թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը: Դա ժողովրդավարական գործընթաց էր»:

Նոյեմբերի 8-ին նախագահական ընտրությունների հետ մեկտեղ Միացյալ Նահանգներում անցնում էին խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների տանն ու Սենատում ընտրվելու համար պայքարում էին նաև հայամետ բազմաթիվ կոնգրեսականներ և սենատորներ, որոնք ընդգրկված են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի կազմում: Ընտրություններից հետո ամերիկահայ կազմակերպությունները ամփոփում են արդյունքները;

Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների արդյունքները շատ դրական են: Հայ Դատը սատարել է շուրջ 123 թեկնածուների, որոնցից շուրջ 90 տոկոսը ընտրվել է Կոնգրեսում: Դա շատ լավ ցուցանիշ է: Ընտրված հայամետ կոնգրեսականները ներկայացնում են բազմաթիվ նահանգներ երկրի տարբեր հատվածներում: Ունեցել ենք նաև կորուստներ, որոնցից են հատկապես սենատոր Քըրքի ու Նեւադայից Ներկայացուցիչների պալատի անդամի թեկնածու Դենի Թարխանյանի պարտությունները: Սակայն այդպիսին է ընտրությունների բնույթը»:

Ամերիկայի հայկական հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասում է: «Հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրվել է այս ընտրությունների ընթացքում: Դա շատ լավ նշան է: Եղան կորուստներ և ձեռքբերումներ: Հայկական հանձնախմբի բոլոր ղեկավարները բացառությամբ, ցավոք, Ռոբերտ Դոլդի Իլինոյս նահանգից, վերընտրվեցին Կոնգրեսում: Կորուստ է Իլինոյսի հայամետ սենատոր Մարկ Քըրքի պարտությունը, սակայն ձեռքբերումներից է, օրինակ, Մերիլենդ նահանգում Քրիս վան Հոլլենի հաղթանակը սենատորի աթոռի համար պայքարում, ուր նա հաղթեց թուրքական հանձնախմբի անդամ, թուրքամետ կոնգրեսականին: Այսպիսով ընդհանուր առմամբ մեզ համար շատ ամուր հիմքեր կան նորընտիր Կոնգրեսում, իսկ հայկական հանձնախմբի դիրքերը մնացին ամուր»:

Ակնհայտ է, որ ամերիկյան հաջորդ վարչակազմը որդեգրելու է նոր քաղաքականություն արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Ինչպիսի՞ մոտեցումներ կլինեն Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայությանը հուզող հարցերի շուրջ, այս պահին դեռևս պարզ չէ, սակայն ամերիկահայ կազմակերպությունները շարունակելու են առաջ տանել այդ օրակարգը և ամերիկահայության ձայնը լսելի դարձնել մայրաքաղաք Վաշինգտոնում: