Արդյո՞ք անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքն ԱՄՆ-ում օգնում է կանխել ընտրակեղծիքները 

A pile of government pamphlets explaining North Carolina's controversial "Voter ID" law sits on table at a polling station.

Ամերիկյան շուրջ 30 նահանգներում ընտրողը պարտավոր է ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ՝ ընտրելու իր իրավունքն իրականացնելու համար:

Այդ կարգը նոր չէ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ավելի շատ ամերիկյան նահանգներ սկսեցին կիրառել այն:

Քաղաքական մեկնաբան Անդրա Գիլեսփայը ասում է. «Որոշ մարդիկ ասում են՝ դա միջոց է խուսափելու անօրինական քվեարկումներ իրականացնելուց, ոմանք էլ գտնում են, որ դրանով, թերևս, հնարավոր է հայտնաբերել ահաբեկիչներին, ովքեր ունեն քվեարկելու իրավունք: Այսպիսով, բոլորը քննարկում էին՝ արդյո՞ք անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ՝ ընտրություն իրականացնելու համար»:

Սակայն որոշ նահանգներում, ինչպիսին, օրինակ, Հյուսիսային Քարոլինան է, որը մինչև 2013 թվականը պարտադրում էր ընտրողներին ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ ընտրությունների ժամանակ, դատարանն այս տարվա սկզբին չեղյալ հայտարարեց այդ որոշումն՝ ասելով, որ դա խտրականություն է ընդդեմ աֆրոամերիկացիների: Որոշ աֆրոամերիկացի ընտրողներ այդ կարգը բնութագրել էին որպես ռասիստական:

Թոմաս Ֆոուլերը Հյուսիսային Քարոլինայից ասում է. «Այդ կարգը մեզ՝ աֆրոամերիկացի ընտրողներիս ճնշելու, վախեցնելու համար է: Ինչի՞ց են իրենք ՝ օրենսդիրները, վախենում: Թու՛յլ տվեք մարդիկ ազատ իրականացնեն իրենց ընտրելու իրավունքը»:

Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ, օրինակ, Ջորջիա նահանգում, ուր այդ կարգը գործում է 10 տարուց ավել, որևէ լուրջ ազդեցություն չկա՝ ազատ ընտրելու իրավունքի իրականացման վրա:

Քաղաքական մեկնաբան Անդրա Գիլեսփայը ասում է. «Տարօրինակն այն է, որ Ջորջիայում այդ օրենքի կիրառումը որևէ լուրջ ազդեցություն չունեցավ աֆրոամերիկացի ընտրողների մասնակցության թվի վրա: Իրականում, այդ օրենքի ընդունումից հետո նահանգում աֆրոամերիկացի ընտրողների մասնակցությունն աճեց»:

Այս կարգի կողմնակիցներն ասում են, որ այն նախատեսված է ընտրությունների կեղծումը կանխարգելու համար: Օրենքի քննադատներն էլ, իրենց հերթին, գտնում են, որ որևէ ապացույց համատարած կեղծումների մասին չկա: Ընտրող Սքոթ Հերիքն ասում է, որ անմիտ է կեղծել ուրիշի ձայնը, քանի որ դա նախատեսում է ծանր պատիժ:

«Ո՞րն է դրա առավելությունը, եթե ես գնամ, մեկ ուրիշի փոխարեն քվեարկեմ, մեկ ձայն ավելացնեմ, բայց, փոխարենը, կանգնեմ՝ տարիներ բանտում անցկացնելու վտանգի առջև»:

Հյուսիսային Քարոլինայից քաղաքագիտության պրոֆեսոր Չարլզ Փրիսբին ասում է, որ ուրիշի փոխարեն ընտրելու խնդիր չկա:

«Կան մի շարք ընտրությունների կեղծման ձևեր, սակայն ուրիշի փոխարեն ընտրություն իրականացնելը շատ հազվագյուտ երևույթ է»:

Փորձագետներն այժմ հետազոտում են, թե ինչպիսի ազդեցություն ունի ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի առկայության մասին օրենքի կիրառումն այլ ազգային փոքրամասնությունների վրա, ինչպիսիք են Լատինաամերիկացիներն ու Ասիական ծագմամբ ամերիկացիները։