Խոսելով Հյուսիսային Քարոլինայի համալսարանում նախագահ Օբաման կիսել է ամերիկացիների զայրույթը՝ կապված այս նախագահական արշավի տարօրինակ բնույթի հետ:
«Սակայն ես ցանկանում եմ մեկ վայրկյանով մի կողմ դնել այս ամբողջ աղմուկը և կենտրոնանալ այն ընտրության վրա, որ դուք ունեք այս ընտրությունների ընթացքում»:
Օբաման ասել է, որ եթե ընտրողները գիտակցաբար մոտենան ընտրություններին , ապա նրանց միակ ընտրությունը պետք է լինի Հիլարի Քլինտոնը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ դառնա մեկն, ով առաջարկում է, որ Ամերիկան խոշտանգի մարդկանց, կամ մենք պետք է արգելենք որևէ հավատք այստեղ: Մենք արժանի ենք ավելի լավ գերագույն գլխավոր հրամանատարի, ով չի վիրավորում պատերազմի զոհերին, մայրերին կամ չի վարկաբեկում մեր բանակը»:
Նախագահը նաև քննադատեց հանրապետական կուսակցությանը, որը ներկայումս վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները:
«Նրանք չէին համագործակցում ինձ հետ անգամ այն ժամանակ, երբ մենք փորձում էինք պահպանել մարդկանց աշխատատեղերը և կանխել ճգնաժամը: Անգամ այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին և Ներկայացուցիչների պալատը և Սենատը, նրանք խնդիր ունեին անցկացնելու սեփական օրենքի նախագծերը: Նրանք պարզապես խոչընդոտներ էին ստեղծում և սպառնում էին ժամանակավորապես դադարեցնել կառավարության աշխատանքը կամ խորտակել տնտեսությունը, եթե գործընթացները չըթանան նրանց ցանկությամբ: Ժողովրդավարությունն այդպես չի գործում: Մեր ծնողները մեզ դրան չեն սովորեցրել»:
Հեռուսատեսային հարցազրույցում նախագահ Օբաման քննադատել է նաև Դաշնային հետախուզական բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Քոմիին, ով հայտարարել է, որ բյուրոն պատրաստվում է հետաքքնել հազարավոր էլեկտրոնային նամակներ, որոնք վերջերս հայտնաբերվել են Քլինտոնի ավագ օգնականի մասնավոր համակարգչում:
Իր հերթին Թրամփը քննադատել է նախագահ Օբամային և խոստացել, որ կվերացնի նրա թողած ժառանգությունը, եթե ընտրվի նախագահ:
«Մեզ բացարձակ պետք չէ Օբամայի կառավարման ևս չորս տարի: Դա վատագույն տարբերակն է: Դա նշանակում է ԴԱԵՇ-ի վերելք, հարկերի բարձրացում, վատ առողջապահական համակարգ, սահմանների բացակայություն, առանց որի մենք չունենք երկիր»:
Չորեքշաբթի օրը Թրամփը իր նախընտրական հանդիպումներն էր անցկացնում Ֆլորիդայում: Այս նահանգը չափազանց կարևոր է նրա համար, քանի որ այստեղ հաղթելու պարագայում նա ստանում է հնարավորություն՝ ընտրվելու նախագահի պաշտոնում: