Արդյո՞ք կվերադարձվեն հայ-թուրքական արձանագրությունները օրակարգ: Փորձագետների կարծիքը

Clinton Turkey Armenia

Արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձվեն քաղաքական օրակարգ, եթե նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններին հաղթի թեկնածու Հիլարի Քլինտոնը: Այս հարցի շուրջ մեկնաբանություն են տալիս փորձագետները:

«Պետքարտուղար Քլինտոնն ուներ ավելի դրական մոտեցում և ավելի շատ էր ընդգրկված հայ-թուրքական հաշտեցման հարցում, քան նախագահ Օբաման: Հուսամ նախագահ դառնալու դեպքում նա կվերսկի այս գործընթացը»,- նշում է Մուջիբ Խանը Կալիֆոռնիայի համալսարանից։

«Ցավոք, կարծում եմ այսօր հայ-թուրքական հաշտեցումը կորցրել է իր կարևորությունը, քանի որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ: Ո՛չ Անկարայի և ո՛չ էլ Վաշինգտոնի համար դա առաջնահերթություն չէ: Հուսամ հաշտեցման գործընթացը կվերսկսվի, բայց չեմ տեսնում, որ կողմերից որևէ մեկը հետաքրքրված լինի այս հարցում»,- Փրինստոնի համալսարանից Մայքլ Ռեյնոլդսը:

«Այսօր հայ- թուրքական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: Երկխոսության հեռանկարները չափազանց փոքր են, քանի որ Թուրքիան գտնվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն անցման փուլում: Եթե Թուրքիան ցանկանա քայլեր ձեռնարկել արձանագրությունների վավերացման հարցում, ապա անհրաժեշտ կլինեն որոշակի քաղաքական բանակցություններ ու վստահության մթնոլորտի ձևավորում, որոնք դրականորեն կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա: Սակայն այսօր նման ցանկություն թուրքական կողմից չի նկատվում»,- ասում է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը:

Հայ-թուրքական երկխոսության արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը մասնակցող պետքարտուղար Քլինտոնն անմիջական ու ուղղակի ներդրում ունեցավ գործընթացում:

«Հիլարի Քլինտոնը շատ մեծ և անփոխարինելի դեր է խաղացել արձանագրությունների ձևավորման ու վերջնական ստորագրման հարցում»,- նշում է Ֆիլիփսը:

Յոթ տարի անց արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին: Հայաստանը հայտարարեց, որ կվավերացնի դրանք 24 ժամվա ընթացքում, եթե այն վավերացնի Թուրքիան, սակայն թուրքական կողմն արձանագրությունների վավերացումը կապեց ղարաբաղյան հակամարտության հետ և տապալման մեջ մեղադրեց Հայաստանին: 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանչեց արձանագրությունները խորհրդարանից:

«Կարծում եմ, որ գործընթացը դրական էր մինչև 2015 թվականը և կային հույսեր, որ կվերաբացվի սահմանը և կվերականգնվեն հարաբերությունները: Սակայն ցավոք որոշ տարածաշրջանային և ներքաղաքական զարգացումները խափանեցին այն: Այն կապված է 1915 թվականի իրադարձությունների տարելիցի հիշատակման հետ: Թուրքական կողմը պատրաստ չէր ինքնաքննադատության կամ դրանց քննարկմանը, իսկ հայկական կողմը այն դարձրել է քաղաքական պայքարի ձև»,- կարծում է Մուջիբ Խանը:

Սակայն այս հարցում առկա է մեկ այլ մոտեցում: «Ցավոք, 2015 թվականին նախագահ Օբաման կորցրեց հնարավորություն ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Իր անձնական կարծիքը բավարար չէ: ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է իր կողմից ցեղասպանության ճանաչումը դարձնի հիմք ոչ միայն հայ-թուրքական, այլև երկու երկրների հետ իր հարաբերություններում: ԱՄՆ-ին անհրաժեշտ է ավելի իրատեսական քաղաքականություն: Ժամանակն է վերանայել թուրքական բացառիկության քաղաքականությունը: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա քաղաքականության հիմք տարածաշրջանում, և այն իր դրական ազդեցությունը կունենա նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա» ,- ասում է Դեյվիդ Ֆիլիփսը:

Վերջին տարիների զարգացումները մշուշոտ են դարձնում արձանագրությունների վերադարձը քաղաքական օրակարգ: Ինչպես արձանագրություններն, այնպես էլ ընդհանուր հայ-թուրքական հարաբերություններն անմիջական կապ ունեն տարածաշրջանային ու ներքաղաքական գործընթացների հետ:

«Քլինտոնն իր քարոզարշավի ընթացքում հստակ ուղերձ է հղել Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիոն հարաբերությունների մասին: ԱՄՆ-ը առաջնորդվելու է իր շահերով: Դա կազդի Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա: Այս պահին դժվար է ասել, թե ինչ քաղաքականություն կորդեգրի վարչակազմը Թրամփի հաղթանակի պարագայում» ,- կարծում է Մայքլ Ռեյնոլդսը:

«Որ թեկնածուն էլ, որ ընտրվի նախագահ, կենտրոնանալու է անվտանգության խնդիրների վրա, հատկապես Սիրիայի, Իրաքի հարցերի և ԴԱԵՇ-ի վերջնական վերացման վրա: Հաղթանակի դեպքում Քլինտոնն անկասկած ավելի մեծ ուշադրություն կդարձնի հայ-թուրքական հարաբերություններին: Նա ցանկություն կունենա զարգացնելու այս երկխոսությունը, սակայն այն կապված է լինելու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցության ցանկությունից Մերձավոր Արևելքում և այլ խնդիրների շուրջ, ներառյալ հայ-թուրքական հարաբերությունները»,- իր հերթին ասում է Դեյվիդ Ֆիլիփսը:

Այսպիսով, հավանական է, որ նոյեմբերյան ընտրություններից հետո նոր ամերիկյան վարչակազմը հայ-թուրքական արձանագրությունների ու հաշտեցման երկխոսության վերաբերյալ իր մոտեցումներում հաշվի է առնելու նոր իրականությունն ու մարտահրավերները՝ ներառյալ սիրիական հակամարտությունը և ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները: