ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը տագնապ է հնչեցնում

Italy Immigration

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:

Ժնևում երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամլո խոսնակ Ուիլյամ Սփինդլերը տեղեկացրել է լրագրողներին, որ փախստականների մահվան թիվն այս տարվա ընթացքում արդեն ռեկորդային է:

«Տարվա ավարտին դեռ մնացել է երկու ամիս, սակայն առնվազն 3740 մարդ անհայտ կորած է: Մոտակա օրերին չի բացառվում, որ զոհերի թիվը աճի»:

2015 թվականի ընթացքում գաղթականների զոհերի թիվը կազմում էր 3771 հոգի:

Զոհերի թիվը շարունակում է մնալ բարձր՝ չնայած այս տարի երեք անգամ ավելի քիչ փախստական է փորձել ներգաղթել Միջերկրական ծովով: 2015 թվականին այդ թիվը կազմում էր ավելի քան մեկ միլիոն, իսկ այս տարի ՝ 327 հազար:

Սփինդլերի կարծիքով զոհերի թվի աճը կապված է փախստականների կողմից ավելի վտանգավոր ուղիներ ընտրելու կամ անօրինական փոխադրումը կազմակերպող անձանց կողմից անսարք նավեր օգտագործելու հետ: Նա ասում է, որ այդ խմբերը ժամանակի ընթացքում փոխել են իրենց փոխադրման ձևերը: Որոշ դեպքերում գրանցվել են մեկ նավակով հազարավոր փախստականներ տեղափոխելու փորձեր: Այսպիսի անօրինական տեղափոխում իրականացնող խմբերը փորձում են նվազեցնել հայտնաբերման ռիսկերն ու ծախսերը:

Սփինդլերը կոչ է անում փախստականներին ընդունող ծրագրերը և ավելի լավ պայմաններ ստեղծել փախստականների համար, որի արդյունքում վերջիններիս մուտքը երկիր կդառնա ավելի անվտանգ: