Եռօրյա մարդասիրական դադարից հետո Հալեպի շուրջ վերսկսվել են ռազմական գործողությունները:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի հարցով զբաղվող մարդու իրավունքների խումբը տեղեկացնում է նոր ռմբակոծությունների ու հարձակումների մասին:
Խմբի տեղեկությամբ բախումներ են արձանագրվել հնագույն քաղաքի մի շարք հատվածներում, որոնք շփման գծեր են կառավարական զորքերի վերահսկողության տակ քաղաքի արևմտյան հատվածի և ընդդիմության վերահսկողության տակ գտնվող արևելյան մասերի միջև:
Ընդդիմադիր զինյալները պատրաստվում են այնտեղ հարձակում սկսել կառավարական ուժերի դեմ և կոչ են արել քաղաքացիական ազգաբնակչությանը լքել կառավարական զորքերի վերահսկողության գոտին:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ը ստիպված էր դադարեցնել ծրագրավորած մարդասիրական գործողություններն ու վիրավորների դուրս բերումը, քանի որ հակամարտող կողմերը չէին տրամադրել անվտանգության երաշխիքներ:
ՄԱԿ-ի տեղեկության համաձայն, մոտ 250 հազար քաղաքացիական բնակիչներ արևելյան Հալեպում կարիք ունեն շտապ մարդասիրական օգնության, իսկ հարյուրավոր վիրավորներ՝ անհապաղ բժշկական միջամտության և դուրս բերման:
ՄԱԿ-ի ու Կարմիր Խաչի՝ մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները շաբաթներ ի վեր կանգնած են թուրքական սահմանի մոտ՝ սպասելով անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ հակամարտության գոտի օգնություն հասցնելու համար: