ԱՄՆ-ի նոր քաղաքացիներ՝ Բոստոնի հայկական ժառանգության պուրակում

Տոնական տրամադրություն էր տիրում Բոստոնի պատմական Ֆենյուալ Հոլում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քաղաքացիություն ստացած անձանց երդմնակալության արարողությունը։ 80 պետություններից 375 անձինք դարձան ԱՄՆ քաղաքացիներ։

Ներկաներից ոմանք տարիներ են սպասել քաղաքացի դառնալուն՝ իրենց ամերիկյան երազանքի մեկ քայլ ավելի մոտ լինելու ակնկալիքով։

«Ես այս երկրում ապրում եմ ավելի քան 38 տարի, եւ այսօր կարեւոր օր է ինձ համար, քանի որ դառնում եմ Ամերիկյան մեծ ընտանիքի անդամ։ Ես այսօր քաղացի եմ դարձել», - ասում է Սյուզին, ով նախկինում Հայիթիում էր բնակվում:

Չինաստանից ժամանած Ջորջ Շենի խոսքով, «սա շատ կարեւոր է, քանզի կարող եմ իմ իրավունքները իրացնել որպես Ամերիկայի քաղաքացի եւ անել բաներ, որոնք որպես քաղաքացի կարող եմ»։

Նոր քաղաքացիներին հաճելի անակնկալ մատուցեց Մասաչուսեթսի հայ համայնքը՝ տոնական ընդունելություն կազմակերպելով Բոստոնի սրտում գտնվող Armenian Heritage Park-ում։ Այստեղ ներկաներին ողջունեցին Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Դեյվիդ Մուրադյանն ու դատավոր Ռիա Ջոբելը։

«Հատուկ շնորհակալություն հայ համայնքին, ոչ միայն այս ընդունելությունը կազմակերպելու, այլ նախ եւ առաջ ներգաղթման փորձը երկար ժամանակ եւ հետեւողականորեն ճանաչելու ու հիշատակելու համար», - նշել է Մասաչուսեթսի շրջանային դատավոր Ռիա Ջոբել։

Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Դեյվիդ Մուրադյանն ավելացրել է.

«Եթե ինձ նման հայկական ծագում ունեք կամ եկել եք մեր հիասքանչ երկիր այլ պետությունից, ընկերներ մենք բոլորս հիմա Ամերիկացի ենք»:

Armenian Heritage Park-ը, թարգմանաբար հայկական ժառանգության այգին, որի տարածքում է գտնվում հայոց ցեղասպանությանը նվիրված աբստրակտ հուշակոթողը, արդեն երկրորդ տարին է, ինչ քաղաքացիություն ստացած անձանց համար այս հիշարժան օրը տոնի է վերածում՝ ի նշան երախտագիտության Ամերիկայի ժողովրդին։