Չափազանց ծանրաբեռնված են ԱՄՆ-ի Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային ու Հյուսիսային Քարոլինա նահանգների ավտոմայրուղիները, որտեղ մոտ երկու միլիոն մարդ փորձում են հեռանալ, մինչեւ Մեթյու ծովամրրիկը կհասնի այստեղ։ Մեթյուն լինելու է անցած մեկ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի ամենախոշոր ու ամենավտանգավոր ծովամրրիկը։
Մեթյու ծովամրրիկի պատճառով ԱՄՆ- Ֆլորիդա նահանգում արդեն կես միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Մրրիկը, մինչեւ ԱՄՆ-ի սահմաններ հասնելը, Ամերիկա մայր ցամաքի ամենաաղքատ երկրում՝ Հայիթիում դարձել է ավելի քան 3ՕՕ մարդու մահվան պատճառ։ Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային ու Հյուսիսային Քարոլինա նահանգներում հայտարարված է արտակարգ իրադրություն։ ԱՄՆ-ի դաշնային կառավարության մասնագետների խոսքերով, անկախ փոթորկի բռնած ուղղուց, այն թողնելու է մեծ ավերածություններ։
Արտակարգ իրադրությունների դաշնային գործակալության աշխատակիցներից Ռաֆայել Լիմեյթըրի խոսքերով.
՝՝Հույս ունենք, որ իրադրությունը ծայրահեղ չի լինի, սակայն ճշմարտությունն այն է, որ պետք է պատրաստ լինենք վատագույնին՛՛։
Գործակալության աշխատակիցներն արդեն նշված նահանգներում են՝ անհրաժեշտության դեպքում արագ օգնություն կազմակերպելու համար։ Նահանգային իշխանությունները որոշ մարզերում հրահանգել են մարդկանց պարտադիր տարհանում եւ նախազգուշացրել, որ յուրաքանչյուր մարդ, որը կմնա այս հատվածներում, իր կյանքը կդնի վտանգի տակ։
Ֆլորիդայում չեղյալ են հայտարարվել օդային թռիչքները։ Դա իհարկե իր ազդեցությունն է գործել նաեւ այն նահանգների վրա, որտեղ պիտի թռչեին այդ օդանավերը։ Կանգ է առել նաեւ Մայամին եւ Նյու Յորքն իրար կապող ամբողջ երկաթուղին։
ԱՄՆ-ի պաշտպանութան նախարարությունը ներկայումս հետեւում է փոթորկի ընթացքին, եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում բանակայիններ տեղակայել օգնության կարիք ունեցող հատվածներում։ Ամերիկյան բանակը նաեւ օգնություն է տրամադրում ծովամրրիկից տուժած մյուս երկրներին։
Ինչպես Պենտագոնի խոսնակ Փիթըր Քուքն է ասում.
Կարիբյան ավազանում Մեթյու ծովամրրիկի կողմից հասցված ավերածությունների պատճառով եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության խնդրանքով, պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը հաստատել է ԱՄՆ-ի Հարավային ուժերին 11 միլիոն դոլար հատկացնելու ծրագիրը, ինչը պետք է օգտագործվի այդ երկրներում մարդասիրական օգնություն իրականացնելու ախատաքների համար՛՛։
Ֆլորիդայի նահանգային ղեկավարներն ասում են, թե վնասը, որը կհասցվի ժամում մոտ 2ՕՕ կմ արագությամբ քամիներով ուղեկցվող ծովրամրրիկի կողմից, կարող է հասնել աղետալի չափերի։ Այն կշարունակվի մի քանի օր։ Ֆլորիդայից կշարժվի դեպի Ջորջիա եւ Հարավային Քարոլինա, որից հետո ուղղություն կվերցնի դեպի օվկիանոսը։