Վերջապես նրանք հանդիպեցին. ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը նախորդ գիշեր մասնակցեցին առաջին բանավեճին: Բանավեճին ուղիղ եթերում հետեւում էր ավելի քան 100 միլիոն մարդ:
Անդրադառնալով իր տնտեսական ծրագրին, Քլինթոնը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հենց մարդկանց մեջ.
«Ես ցանկանում եմ ներդրում կատարել ձեր ապագայի մեջ: Դա նշանակում է նոր աշխատատեղեր ենթակառուցվածքների եւ առաջատար արտադրությունների ոլորտներում, մաքուր վերականգնվող էներգիայի եւ մանր ձեռնարկատիրության մեջ», - ասել է Հիլարի Քլինթոնը:
Ի պատասխան Թրամփն ասել է, որ նախատեսում է նվազեցնել ընկերությունների հարկերը 35-ից մինչեւ 15 տոկոս, ինչը թույլ չի տա ընկերություններին տեղափոխել արտադրությունն արտերկիր, որտեղ աշխատուժի արժեքն առավել ցածր է.
«Մենք պետք է վերջ դնենք մեր աշխատատեղերի գողությանը, մենք պետք է թույլ չտանք մեր ընկերություններին լքել Միացյալ Նահանգները՝ աշխատանքից ազատելով բոլոր աշխատողներին»:
Բանավեճի ընթացքում Քլինթոնը նշել է, որ Թրամփը դատում է միայն հարուստ մարդու տեսանկյունից.
«Նա իրականում հավատում է, որ որքան շատ օգնես հարուստ մարդկանց, այդքան լավ կլինի, ես այդպես չեմ կարծում», - ընդգծել է Քլինթոնը:
Թրամփն անմիջապես արձագանքել է.
«Հենց հարուստներ են ստեղծելու բազմաթիվ աշխատատեղեր: Նրանք ընդլայնելու են իրենց ընկերությունները եւ բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծելու»:
Հիլարի Քլինթոնի կարծիքով սակայն, հարուստների հարկերի կրճատումն ինքնին չի կարող օգնել բարելավել տնտեսությունը:
«Չեմ կարծում, որ հարուստների հարստացումը կաշխատի Ամերիկայում: Կարծում եմ, միջին խավի մեջ ներդրումները, ուսման վճարի թեթեւացումը, մարդկանց հարկերի տրամադրումը՝ հենց սրանք են քայլերը, որոնք իրականում կօգնեն տնտեսությանը», նշել է Քլինթոնը:
Անդրադառնալով Թրամփի կողմից հարկային հայտարարագրի չբացահայտման հարցին Քլինթոնն ասել է, որ հավանաբար այդ փաստաթղթերում սարսափելի տեղեկատվություն է թաքնված, որի պատճառով Թրամփը խախտելով ավանդույթը հրաժարվում է դրանք հրապարակել: Թրամփն ի պատասխան խոստացել է հրապարակել հայտարարագիրը պետական մարմինների կողմից դրա հաշվեքննությունից հետո, ավելացնելով.
«Իրականում, ժամանակն է, որ այս երկիրը ղեկավարվի մեկի կողմից, ով փողի մասին գաղափար ունի»:
Անդրադառնալով անվտանգության խնդրին, Քլինթոնը հիշատակել է ռուսական հաքերների կողմից հարձակումները.
«Ես ցնցված էի, երբ Դոնալդը հրապարակայնորեն կոչ արեց Պուտինին կոտրել ամերիկացիների տվյալների բազան: Դա ուղղակի անընդունելի է», - ասել է Հիլարի Քլինթոնը, նշելով, թր Թրամփն ի վիճակի չէ լինել գերագույն հրամանատար:
Ի պատասխան Թրամփը հիշեցրել է, որ դեռեւս ապացուցված չէ, որ հաքերների հետեւում հենց Ռուսաստանն էր կանգնած այլ ոչ, ասենք, Չինաստանը:
Ինչ վերաբերում է գլոբալ անվտանգությանը, Թրամփն առաջարկում է խնդրին գործարարի մոտեցում ցուցաբերել.
«Առաջինը, ՆԱՏO-ի 28 երկրներից շատերը վճարման իրենց բաժինը չեն կատարում եւ երկրորդը, քանի որ մենք պետք է նրանց պաշտպանենք, նրանք պետք է մեզ վճարեն գոնե պայմանագրով նախատեսված վճարը»:
Բանավեճի նախօրեին Բլումբերգի կողմից անցկացված հարցման համաձայն Քլինթոնն ու Թրամփը յուրաքանչյուրը ստացել էին ամերիկացիների 46 տոկոսի աջակցությունը: Նախնական հարցումների համաձայն դեռեւս պարզ չէ, թե ով է հաղթել առաջին բանավեճի ընթացքում, սակայն, ընտրողների 80 տոկոսն արդեն իսկ նշել են, որ բանավեճից հետո թեկնածուների մասին իրենց կարծիքը չեն փոխել: