ԱՄՆ-ի նախագահական հեռուստաբանավեճերի պատմությունը եւ դրանց դերը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ու դեմոկրատ թեկնածուների համար շուտով կսկսվի ընտրապայքարի ամենակարեւոր հատվածներից մեկը, կամ ամենակարեւոր հատվածը։ Խոսքը նախագահական բանավեճի ժամանակահատվածն է, երբ կողմերը հրավիրվում եմ հեռուստակայան, պատասխանելու լրագրողի ու իրենց մեկը մյուսին հղված հարցերին։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ այս բանավեճերն են ընտրազանգվածին մեծապես կողմնորոշողը։

ԱՄՆ-ում նախագահական առաջին հեռուստատեսային բանավեճերն անցկացվել են հանրապետական փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի եւ դեմոկրատ թեկնածու, սենատոր Ջոն Քենեդիի միջեւ։

Ինչպես Քենեդին էր ասում. «Մենք պիտի այս երկրի համար ապահովենք լավ ղեկավարություն, եւ նորից պիտի առաջ տանենք մեր երկիրը»։

Նիքսոնի դեմ պայքարում Քենեդիին օգնեցին վերջինիս չափազանց լավ հղկված խոսքն ու կեցվածքը, եւ նա ձայների փոքր տարբերությամբ հաղթեց ավելի փորձառու մրցակցին։
Սա ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել հեռուստաբանավեճի դերը, ասում է փորձագետներից Ջերեմի Մեյերը։

«Հեռուստաբանավեճը մեծացնում է մրցակցի քաղաքական հասակը։ Երբ տվյալ թեկնածուն կարողանում է, այսպես ասած, ոտքի մատների վրա կանգնած պայքարել ավելի ճանաչված մեկի դեմ, քաղաքականապես ավելի բարձրահասակ է թվում հանրությանը»։

1976 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդը դեմոկրատ Ջիմի Քարթերի հետ հեռուստաբանավեճի ժամանակ քաղաքական սխալի արդյունքում մեծապես վնասեց ինքն իրեն, երբ հայտարարեց, թե Արեւելյան Եվրոպայում չկա խորհրդային գերիշխանություն։

Քարթերը, կառչելով Ֆորդի սխալից, ի վերջո հաղթեց նրան։ Եվ ձայների փոքր տարբերությունը խոսում է այն մասին, որ եթե չլիներ հեռուստաբանավեճը, ընտրությունների արդյունքը կարող էր հակառակ պատկերն ունենալ։

Ջոնջթաունի համալսարանից Ստիվըն Ուեյնի խոսքերով.

«Նախագահական բանավեճերն առավել կարեւոր են, երբ թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը շատ մեծ չէ։ Այս ընթացքում են շատ ու շատ ընտրողներ փոխում իրենց կարծիքը այս կամ այն թեկնածուի մասին»։

Դրանից 4 տարի անց նախագահ Քարթերը պարտվեց հանրապետական Ռոնալդ Ռեյգանին, որը մեծ հաղթանակ տարավ իրենց միակ բանավեճի ժամանակ։

Ընտրողներին ուղղված Ռեյգանի վերջին հարցը որոշիչ նշանակություն ունեցավ այս բանավեճում, երբ նա ասաց.

«Երբ կայացնեք ձեր որոշումը, մինչ այդ հարց տվեք ինքներդ ձեզ, թե արդյոք դուք այսօր ավելի լավ եք ապրում, քան սրանից 4 տարի առաջ»։
Հաշվի առնելով անցած տասնամյակների բանավեճերի դերը՝ վերջին տարիներին թեկնածուներն իրենց առջեւ դնում են կարեւոր խնդիր։ Այն է՝ ամեն կերպ խուսափել սխալ արտահայտությունից։ Բանավեճերն ավելի են կարեւորվում այսօր, քանի որ, եթե անհնար է այն դիտել ուղիղ եթերում, ի տարբերություն անցյալի, մարդիկ դրանք կարող են դիտել առցանց՝ ցանկացած ժամանակ։


Փորձագետների խոսքերով, Քլինթըն-Թրամփ առաջին բանավեճը ունենալու է ամենամեծ թվով դիտողները։

Բանավեճը նաեւ կապահովի հսկայական խաղագումարների ներդրում։