Հիլարի Քլինթընը մինչեւ ընտրությունների ավարտը չի այցելի Մեքսիկա

«ABC News» կայանին տված հարցազրույցի ժամանակ հղված հարցին, թե ինքն ընդունելու՞ է հրավերը, թե ոչ, Քլինթընը կտրուկ պատասխանել է «ոչ»՝ առանց որեւէ այլ կերպ այն մեկնաբանելու։

Քլինթընի այս որոշումն ավելի ուշ հաստատել է նրա նախընտրական շտաբը։

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, թե «Մենք հասկանում ենք ու հարգում հանդիպում անցկացնելու ժամանակի ընտրության հարցում նրա որոշումը»։ Ըստ արտգործնախարար Կլաուդիա Ռուիզ Մասիեուի, կապը Քլինթընի նախընտրական շտաբի հետ շարունակվում է։

Հիշեցնենք, որ Մեքսիկայի նախագահն անցյալ ամիս էր հրավեր ներկայացրել ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներին, որոնցից հանրապետական Դոնալդ Թրամփն անցյալ չորեքշաբթի օրն այցելեց Մեխիկո։ Այցն առաջին հայացքից բարեկամական թվաց, սակայն ավելի ուշ բացահայտվեցին լարվածության մասին խոսող փաստեր։

Թրամփը հայտնի է Մեքսիկայի նկատմամբ սուր քննադատական մոտեցումներով։ Նա ասել է, թե այս երկիրն ԱՄՆ է ուղարկում բռնաբարողների ու թմրանյութերի անօրինական առեւտրով զբաղվող անձանց։ Նա կոչ է անում պատ կառուցել երկու երկրների միջեւ՝ պահանջելով, որ կառուցման ծախսերը հոգա Մեքսիկան։

Թրամփը Պիենա Նիետոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր, թե իրենք չեն քննարկել այն հարցը, թե որ կողմը պիտի վճարի կառուցման համար։ Պիենա Նիետոն ասուլիսի ժամանակ այդ մասին չէր խոսել, սակայն ավելի ուշ հայտարարել էր, թե ինքը հասկացրել է Թրամփին, որ Մեքսիկան չի մուծելու պատի կառուցման համար։

Քլինթընի խոսքերով, «Թրամփն ասում է ինչ որ բան, Մեքսիկայի նախագահը՝ հերքում գրեթե անմիջապես»։ Թրամփը նույնիսկ չգիտի պետության ղեկավարի հետ արդյունավետ հաղորդակցվելու ձեւերը, ասել է Քլինթընը

Քլինթընն ասել է, թե մինչեւ ընտրությունների ավարտը ինքը չի ճամբորդելու Մեքսիկա։