Դոնալդ Թրամփը մի տեսք ունի Մեքսիկայում, մեկ այլ տեսք՝ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրկնում է ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի բնակվող փախստականներին երկրից վտարելու մասին նախկին խոսքերը, չնայած իր այս դիրքորոշումը մի քիչ մեղմելու մասին տարածված կարծիքին։

Անշարժ գույքի բիզնեսի մագնատ, միլիարդատեր, ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգի մայրաքաղաք Ֆինիքսում մեկ անգամ եւս խոսել է ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ 3 հզար 2ՕՕ կմ երկարությամբ պատ կառուցելու իր ծրագրի մասին։

«Մեքսիկան կմուծի դրա ծախսերի դիմաց։ Դա 1ՕՕ տոկոսով։ Նրանք դա դեռ չգիտեն, բայց կմուծեն։ Նրանք լավ մարդիկ են, ունեն լավ ղեկավարներ, բայց միեւնույնն է, վճարելու են պատի դիմաց։ Առաջին օրվանից սկսելու ենք աշխատել անանցանելի, ամուր, բարձր, հզոր ու գեղեցիկ հարավային սահմանային պատի կառուցման վրա», ասել է Թրամփը։

Իր այս ելույթում նա նաեւ խոստացել է հիմնել հատուկ ուժեր, որոնք կզբաղվեն անօրինական փախստակակններին ԱՄՆ-ից հետ՝ իրենց երկրներ արտաքսելու աշխատանքներով։

«Առաջին հերթին զբաղվելու ենք քրեական տարրերին, ավազակախմբերի անդամներին, անվտանգությանը սպառնացող անձանց, վիզայի ժամկետից դուրս այստեղ մնացած ու պետական նպաստների ակնկալիքով այստեղ գտնվող անձանց արտաքսելու գործով։ Արտաքսելու ենք նրանց, ովքեր պետական նպաստներ ստանալու նպատակով այստեղ են հաստատվել ներկա կոռումպացված վարչակազմի պատճառով»։

Թրամփի ձայնի այս հարձակողական երանգը լիովին հակասում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պիենա Նիետոյի հետ Մեխիկոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ իր իսկ խոսքի տոնայնությանը։

Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պիենա Նիետոյի հետ չի քննարկել այն հարցը, թե որ կողմն է վճարելու պատի համար, ԱՄՆ-ը, թե Մեքսիկան։ Սակայն ինչպես «Twitter»-ի իր էջում է մի քանի անգամ նշում Մեքսիկայի նախագահը, ինքն ասել է Թրամփին, որ Մեքսիկան որեւէ գումար չի հատկացնի արգելքի կառուցման համար։

ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար, ներկայումս Թրամփի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընը բանակային մի խումբ վետերանների հետ հանդիպման ժամանակ այն կարծիքն է հայտնել, որ Թրամփի կողմից Մեքսիկա կատարած «հափշտապ» այցը չի խոսում այն որակների մասին, որոնք պիտի ունենա ԱՄՆ-ի նախագահը։

«Չեք կարող հարեւանի մասին մի ամբողջ տարի վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց հետո, այդ երկիր պարզապես մի քանի ժամանոց այցով հարթել այդ խոսքերի ազդեցությունը», ասել է Քլինթընը։

Գործն այդպես չեն անում, ասել է նա։

Ասենք, սակայն, որ Թրամփն իր նախընտրական այս արշավի ընթացքում մեծաթիվ աջակիցներ է ձեռք բերել այն հայտարարությունների արդյունքում, ըստ որոնց ԱՄՆ-ի հարավային հարեւանն ամերիկացիներից խլում է աշխատատեղերը, ԱՄՆ ուղարկում բռնաբարողների, քրեական հանցագործների ու մարդասպանների, բայց շատ քիչ բան է անում անօրինական փախստականների հոսքը կանգնեցնելու ուղղությամբ։