Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է կրկին դիմել Միացյալ Նահանգներին, խնդրելով Թուրքիային հանձնել թուրք հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են իշխանափոխության փորձ կազմակերպելու մեջ:
«Մենք Ամերիկային հարց ենք տալիս, արդյոք մենք ռազմավարական գործընկերներ չե՞նք: Երբ դուք եք պահանջում ահաբեկիչներին հանձնել, մենք փաստաթղթեր չենք խնդրում: Այժմ մենք ենք ցանկանում, որ դուք հանձնեք մեզ այդ ահաբեկչին: Թույլ տվեք՝ մենք նրան դատենք», - ասել է էրդողանը:
ԱՄՆ-ի իշխանությունները սակայն հիշեցնում են թուրքական կողմին, որ հանձնումը ոչ թե քաղաքական այլ՝ իրավական գործընթաց է եւ Անկարան մինչ օրս Գյուլենի մեղավորությունն ապացուցող բավարար հիմքեր Միացյալ Նահանգներին չի ներկայացրել: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Մայք Թոները նշել է, որ չնայած Թուրքիան Վաշինգտոն է ուղարկել Գյուլենին վերաբերող փաստաթղթերի մի քանի կապոց, դրանց մեջ դեռեւս մեղքն ապացուցող ապացույցներ չեն գտնվել.
«Այս գործընթացը թելադրված չէ քաղաքական որոշումներով կամ զգացական արձագանքով: Այն ընթանում է օրենքի պահանջների շրջանակներում»:
Ավելի ուշ Թոները խորհուրդ է տվել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ հակաժողովրդավարական քայլերից.
«Մենք Թուրքիային հիշեցնում ենք, որ անվտանգության ոլորտում քայլեր ձեռնարկելիս գնահատեն բացասական ազդեցությունը, որ նրանց գործողությունները կարող են ունենալ ժողովրդավարական ինստիտուտների վրա»:
Խոսելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող SETA հիմնադրամի համակարգող Բուրհանեթին Դուրանն ընդգծել է, որ Վաշինգտոնից հնչող հայտարարություններից Թուրքիայում շատերը եզրակացնում են, որ ԱՄՆ-ում կնախընտրեին Էրդողանի իշխանության տապալումը.
«Ստեղծված իրականությունը ծայրաստիճան վնասակար է Թուրք ժողովրդի աչքերում, Ամերիկայի իմիջի համար եւ մեր հարաբերությունների ապագան փրկելու համար մի բան պետք է արվի»:
Դուրանի կարծիքով, դա Գյուլենի հանձնումն է Թուրքիային: Իր կողմից Բրուքինգս հաստատության վերլուծաբան Շադի Համիդը հիշեցնում է, որ Էրդողանի մոտ ձեւավորվել է վախ եւ պարանոյա, որն անհրաժեշտ է հաշվի առնել՝ Թուրքիայի ղեկավարի քայլերին հետեւելիս.
«Այդ պարանոյան նրա անցած կյանքի հետեւանքն է, որը նա անց է կացրել այն մտքով, որ պետք է թաքցնի անհատական հավատքը, քանի որ դա կարող է ոչ աշխարհիկ համարվել»: