՝՝Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ուժեղ է՛՛. ԱՄՆ-ի կոնգրեսական Չեբոթ

Լուսանկարը՝ ՀՀ-ի պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ստիվ Չեբոթին, որն այստեղ է՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում։ Նախարարի ու կոնգրեսականի հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը։

Հանդիպման ընթացքում Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը՝ նշելով, որ այն հիմնականում կենտրոնացված է փոխգործակցող կարողություններին զարկ տալու Հայաստանի զինված ուժերի որոշակի ծրագրերի վրա։

Կողմերը քննարկել են Հայաստանի խաղաղապահ կարողությունները, սպայական արհեստավարժ անձնակազմը զարգացնելու եւ պաշտպանական ռազմավարությունը վերանայելու գործընթացի հետ կապված հարցեր։

Դեսպան Միլզն ասել է, թե Չեբոթի եւ Հայաստանի զինված ուժերի ղեկավարության միջեւ հանդիպումը կարեւոր է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի աճող դերը։

Դեսպանն ավելացրել է, որ հայ-ամերիկյան ռազմական ուժեղ հարաբերությունների այլ վկայություն են Քանզասի Ազգային գվարդիայի բժշկական անձնակազմի կողմից Գավառի եւ Հրազդանի հիվանդանոցներ կատարած վերջին այցը, ինչպես նաեւ՝ հայ զինծառայողների կողմից Քանզաս կատարած այցը։

Նրա խոսքերով, հայ-ամերիկյան հատկապես նման կարգի հարաբերություններն են կայուն ազատության ու ապագա բարգավաճման բանալին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Օհանյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ նախագահող երկրների դերը, եւ նշել, որ հայկական կողմը մեծ ուշադրություն է դարձնում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնագրերի իրականացմանը՝ դիտորդական առաքելությունն ընդլայնելու եւ շփման գծում հետաքննման մեխանիզմներ ներդնելու հարցերին։