Դրամահավաք Վաշինգտոնում՝ ի նպաստ սիրիահայերի

ԱՄՆ-ի մայրաքաղաքում կայացած բարեգործական համերգ-երեկոյի ընթացքում տեղի հայ համայնքը օգնություն է հավաքել Սիրիայի հայերի համար:

Վաշինգտոնի հայ համայնքը Սբ.Մարիամ հայկական եկեղեցում բարեգործական երեկո էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը Դամասկոսում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու միջոցով փոխանցվելու է տեղի հայ համայնքին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ Սիրիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող Շողիկ Սահակյանի խոսքով, Սիրիայի տարածքում նոսրացող հայ համայնքը զգալի օգնության կարիք ունի.

«Գումարները, որ պիտի հավաքենք այսօր, (Դամասկոսի) Սբ. Սարգիս եկեղեցու միջոցով փոխանցվելու են Սիրիայի որբանոցների հայ երեխաներին»:

Երեկոյի ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքը կազմակերպել էր նաեւ բարեգործական խաղարկություն եւ համերգ, որի ընթացքում ներկաների առջեւ երգի կատարումներով հանդես եկավ Թուրքիայից մի քանի օրով Վաշինգտոն ժամանած երգիչ Բարտեր Գարյանը:

«Մենք օգնության համար է, որ աշխարհում ապրում ենք, եւ մենք հայերս, եթե ձեռք ձեռքի չբռնվենք, ոչ մի բան արժեք չունի», - ասում է Գարյանը:

Գարյանը տարիներ շարունակ տարածել է հայկական երգն ու երաժշտությունը Թուրքիայում, Երգչի խոսքով, Թուրքիայի հայ համայնքը դժվարությամբ, բայց շարունակում է պահպանել իր մշակութային ինքնությունը.

«Զարմանք կպատճառենք, որ Պոլսի մեջ կամ Թուրքիայում կապրենք, բայց վստահ եղեք, որ այնտեղ կա հայկական մշակույթ, հայ երաժշտություն, հայ թատրոն, հայկական դպրոցներ, հայ եկեղեցի եւ միություն: Ոտքի ենք կանգնած եւ պայքարում ենք, որ մեր հայ մշակույթը պահենք: Անշուշտ՝ հեշտ չէ, բայց պիտի փորձենք, քանի այնտեղ ենք ապրում»:

Շողիկ Սահակյանը, ով ծնունդով սիրիահայ է եւ ում բարեկամները մինչ օրս Դամասկոսում են բնակվում, պատմում է, որ չնայած դժվարություններին, Սիրիայի հայերից շատերը մինչեւ վերջին պահը չեն ցանկանում հեռանալ երկրից.

«Կզգան իրենք հողը, որովհետեւ բավականին ջանք են թափել իրենք իրենց կյանքն ապահովելու համար, եւ շատ դժվար է իրենց լքել այդ տեղը, որովհետեւ բազմաթիվ մարդիկ մտածում են երկիրը լքելու մասին, բայց զգում են, որ արմատներն այնտեղ են»: