Օրլանդոյի զինյալը հարձակումից առաջ հավատարմության երդում է տվել «Դաեշ» ահաբեկչական խմբավորմանը

Միացյալ Նահանգները ցնցված է Օրլանդո քաղաքի համասեռականների “Փալս” գիշերային ակումբում հիսուն մարդու կյանք խլած զինված հարձակումից: Ահաբեկչությունից քիչ անց «Դաեշ» ահաբեկչական խմբավորումը իր լրատվամիջոցների միջոցով հայտարարել է, որ հարձակման համար իրենք են պատասխանատու:

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի համասեռականների “Փալս” գիշերային ակումբում, զանգվածային սպանություն իրականացնողը աֆղանական ծագումով Ամերիկայի քաղաքացի Օմար Մաթինն էր: Նա 2006 թվականին կրթություն է ստացել քրեական արդարադատության տեխնոլոգիաների բնագավառում, այնուհետև՝ աշխատանքի անցել անվտանգության հեղինակավոր «G4S» ընկերությունում: 2009 թվականին Մաթինը ամուսնացել է ուզբեկուհի Սիտորա Յուսուֆիի հետ: Նրա կնոջ խոսքերով, ամուսնությունից քիչ անց նա սկսել է բռնություն կիրառել իր հանդեպ, թույլատրել է գնալ միայն աշխատանքի և վերցրել է ողջ աշխատավարձը: Սիտորայի խոսքերով, ամուսինը նույնիսկ արթնանում էր գիշերները և հարվածում իրեն: 2011 թվականին նրանք ամուսնալուծվել են, այնուհետև Մաթինի գործընկերները տեղեկացրել են ոստիկանությանը նրա որոշ կասկածելի արտահայտությունների վերաբերյալ: Հետաքննությունների դաշնային բյուրոն երկու անգամ հարցաքննել է Մաթինին, սակայն կասկածելի ոչինչ չի գտել:

Օմար Մաթին

Օրինապահների հաղորդած տվյալների համաձայն, Օմար Մաթինը հարձակումը սկսելուց անմիջապես առաջ զանգահարել է 911 ծառայություն, հավատարմության երդում տվել «Դաեշ» ահաբեկչական խմբավորմանը: Հարձակման ընթացքում ոստիկանության հետ փոխադարձ կրակների հետևանքով նա սպանվել է:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, այս հարձակումը հարձակում է ԱՄՆ-ի և նրա արժեքների դեմ:

«Սա ահաբեկչությամբ և ատելությամբ լի գործողություն էր, և որպես ամերիկացիներ, մենք համախմբված ենք սգո և վիրավորանքի այս պահին և մեր ժողովրդին պաշտպանելու վճռականության զգացումով»:

Նախագահը նաև նշել է, որ նման հարձակումը հնարավոր էր միայն այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ում դեռևս դյուրին է զենք գնելը:

«Մենք պետք է որոշենք, թե արդյո՞ք սա է այն երկրի այն տեսակը,, որը մենք ուզում ենք կառուցել: Իսկ ջանասիրաբար ոչինչ չանելը նույնպես որոշում է»:

Կրակոցի ժամանակ ոմանց հաջողվել է դուրս փախչել, ոմանք էլ պառկել են գետնին, մեռած ձևացել կամ փորձել թաքնվել: Փրկվածներից Ռոզին և Սիլվիան պատմել են կատարվածի մասին:

«Սկզբում ինձ թվաց, դա երաժշտությունն էր, հետո տեսա նրան: Նա ինձնից մոտ 7 մետր հեռու էր կանգնած, և տեսնում էի, թե ինչպես են գնդակները դուրս գալիս զենքից: Բոլորը գետնին էին տապալվում»:

Ֆլորիդայի նահանգապետ Բադդի Դայերը ասել է, որ հարձակման օրը Օրլանդոյի պատմության մեջ ամենասարսափելի օրն է, սակայն ինքը հպարտանում է քաղաքի բնակիչների համախմբվածությամբ և անվտանգության մարմինների արագ և պատշաճ գործողությունների համար:

«Այս մարդու արարքը չէ որ բնորոշում է մեզ, այլ տուժածների հանդեպ մեր արձագանքը և միմյանց աջակցելու ջանքերը: Այս համայնքը արդեն դա արել է»:

ԱՄՆ-ում մահմեդական կազմակերպությունների առաջնորդները արագորեն արձագանքել են ահաբեկչությանը և լրատվամիջոցներին քաջալերել սենսացիոն հոդվածներից զերծ մնալ: Հարձակումը տեղի է ունեցել, երբ մահմեդականները Ռամադան պահքի մեջ են:

Ահաբեկչությունից քիչ անց «Դաեշ» ահաբեկչական խմբավորումը իր լրատվամիջոցների միջոցով հայտարարել է, որ Օրլանդոյի հարձակման համար իրենք են պատասխանատու:

Your browser doesn’t support HTML5

Օրլանդոյի զինյալը հարձակումից առաջ հավատարմության երդում է տվել «Դաեշ» ահաբեկչական խմբավորմանը