«Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար». բանաձեւ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության համար

Իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ վերջին բախումներից հետո թվում էր, երկու կողմերն էլ պատրաստ են հակամարտության շարունակմանը: Սակայն, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունն այն մասին, որ ինքն աջակցում է «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձեւը, խաղաղության հույս ներշնչեց: Խաղաղության հաստատման մեծագույն աջակիցներից մեկն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին է, ով Փարիզում կողմերի միջեւ խաղաղ բանակցություններ է նախաձեռնել.

«Ես կաշխատեմ բոլոր կողմերի հետ, հույս ունենալով ուղիներ գտնել կողմերին բանակցային սեղանին վերադարձնելու եւ վերջնական կարգավիճակի շուրջ պայմանագիր կնքելու նպատակով»:

Վերլուծաբանները զգույշ լավատեսություն են արտահայտում, նշելով, որ վերջին զարգացումները կարող են խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրել.

«Իսրայելյան կողմը կարող է լուռ համաձայնել այդ նախաձեռնության հետ, սակայն, հիմնարար խաղաղության հաստատման հեռանկարը դեռ մշուշոտ է», - ասում է Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Նաթան Սաքսը:

Պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ Փարիզում միջնորդների կողմից մշակվելու են միջազգային համաժողովի սկզբունքները: Ավելի ուշ կայանալիք բուն համաժողովի ժամանակ հավանաբար քննարկվելու է «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձեւը: