Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Դաեշ» ահաբեկչական խմբավորման դեմ հյուսիսային Սիրիայում կռվող Արևմտյան ուժերին մեղադրում է Թուրքիայի տարածքում գտնվող ջիհադիստների դեմ պայքարում իր կառավարությանն օգնություն չտրամադրելու մեջ:
Կիրակի օրը Ստամբուլում ելույթի ժամանակ Էրդողանը ասել է, թե Եվրոպան Թուրքիային միայնակ է թողել «Դաեշ»-ի դեմ պայքարում: Նրա խոսքերով, Անկարայում և Ստամբուլում ահաբեկչական պայթյունների և Փարիզի ու Բրյուսելի պայթյունների հանդեպ արձագանքների տարբերությունը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ անարդարություն:
Էրդողանի բողոքը Անկարայի և Եվրամիության միջև առկա տարաձայնությունների արտացոլումն է: Հիշեցնենք, որ Սիրիայի փախստականներին վերաբերող համաձայնագրի շրջանակներում Եվրամիությունը Թուրքիային քաջալերել էր վերանայել հակա-ահաբեկչական օրենքները, ինչին կողմ են նախագահի հակառակորդներն ու նրան քննադատողները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակ Սթեֆեն Սեիբերթը երկուշաբթի օրը Գերմանիայում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնությունը Գերմանիայի համար առաջնային տեղ է զբաղեցնում, և որ իրենք այս մարտահրավերը պետք է միասնաբար հաղթահարեն: Նա ասել է, որ եվրոպական կողմը կհետևի համաձայնությանը և կկատարի իր պարտավորությունները և իհարկե կակընկալեն, որ նույնը կանի նաև Թուրքիան։
Համաձայնության նպատակն է կանգնեցնել Էգեյան ծովով ժամանող ներգաղթյալների անօրինական հոսքը և ծրագիր մշակել Թուրքիայից դեպի Եվրամիություն Սիրիայի փախստականների շուրջ: Արդյունքում, Եվրամիությունը Թուրքիային 6 միլիարդ 8ՕՕ միլիոն դոլար օգնություն է տրամադրելու այստեղ պատսպարված փախստականների մասին հոգ տանելու համար: Այն նաև Թուրքիայի քաղաքացիներին իրավունք կընձեռի Շենգենի գոտում ճամփորդել առանց վիզայի անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրի մանրամասները քննարկվել և կազմվել էին Անգելա Մերքելի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից, ով Էրդողանի հետ անհամաձայնությունների պատճառով նախորդ շաբաթ հայտարարել էր, որ հրաժարվում է պաշտոնից: