Անկարայում հինգշաբթի օրը Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) գործադիր հանձնաժողովի հանդիպումից հետո երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ կուսակցության համախմբման համար անհրաժեշտ է ղեկավարի փոփոխություն: Նա ասել է, որ կուսակցությունը հրատապ հանդիպում է ունենալու մայիսի 22-ին նոր ղեկավար ընտրելու նպատակով:
«Ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել կայանալիք արտակարգ համագումարի ժամանակ: Մեր կուսակցությունը պետք է համագումարը անցկացնի միասնաբար և համերաշխությամբ: Դա չպետք է քննարկումների առարկա դառնա, քանի որ Արդարություն և զարգացում կուսակցության ճակատագիրը որոշիչ է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև՝ տարածաշրջանի ճակատագրի համար»:
Դավութօղլուն նշել է, որ կշարունակի, իր խոսքերով, ՝՝պայքարել՛՛ որպես իշխող կուսակցության օրենսդիր: Նա նաև հավատարմության խոստում է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Թուրքական մամուլի տվյալներով, Դավութօղլուն պատրաստվում էր Միացյալ Նահանգներ այցելել մայիսի 2-ին նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ հանդիպման նպատակով: Սակայն ըստ որոշ աղբյուրների, նրա այս քայլը զայրացրել է Էրդողանին և ճամփորդությունը չեղյալ է հայտարարվել:
Էրդողանն ու Դավութօղլուն հանդիպել էին չորեքշաբթի օրը, սակայն նրանց չէր հաջողվել համաձայնության գալ: Դավութօղլուն չի աջակցել Էրդողանի որոշ նախագծերի, ներառյալ սահմանադրական այն փոփոխությունը, որը նախատեսում է իշխանության ավելի մեծ լծակներով օժտել նախագահական համակարգը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արդարություն և զարգացում կուսակցության 50 հոգուց բաղկացած գործադիր ղեկավարների խումբը Դավութօղլուին զրկել էր տեղական և մարզային ղեկավարների նշանակելու լիազորություններից:
Ղեկավարության այս փոփոխությունը կատարվում է Թուրքիայի համար շատ կարևոր քաղաքական շրջանում, երբ այն փորձում է դառնալ Եվրամիության անդամ երկիր, կնքել փախստականների ներհոսքի վերաբերյալ գործարք, և պայքարել ՝՝Դաեշ՛՛-ի ու քուրդ զինյալների դեմ:
Your browser doesn’t support HTML5