Թուրքիան ակնկալում է Եվրամիությունից ազատ մուտքի իրավունք ստանալ իր քաղաքացիների համար

Թուրքիայում վերլուծաբանները քննարկում են, թե որքանով է երկիրը պատրաստ Եվրամիության պահանջներին

Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի օրը նախատեսում է որոշում կայացնել՝ Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի Եվրամիության տարածք երեք ամսով մուտքի իրավունք տրամադրելու վերաբերյալ: Դրական որոշման դեպքում գործընթացը չի ավարտվում. Թուրքիային դեռ անհրաժեշտ է լինելու բավարարել Եվրամիության կողմից մշակված 72 չափանիշներ, որոնց թվում են ազատ խոսքի եւ արդար դատավարությունների ապահովումն ու փոքրամասնությունների իրավունքների պահպանումը: Հենց այս չափանիշներով Թուրքիան կարող է լուրջ դժվարությունների հանդիպել, կարծում է Նոբելյան մրցանակակիր, գրող եւ հրապարակախոս Օրհամ Փամուկը.

«Հույս ունեմ, որ երբ Եվրամիության երկրների առաջնորդները ձեռք են սեղմում Թուրքիայի առաջնորդների հետ, երբ քննարկում են ներգաղթյալներին զատելու խնդիրները, նրանք հիշատակում են նաեւ խոսքի ազատության պաշտպանության անհրաժեշտության մասին»:

Լրագրողներից շատերն ընդգծում են, որ Թուրքիայի իշխանությունները դեռ որեւէ քայլ չեն կատարել խոսքի ազատությունը երկրում պաշտպանելու նպատակով: ՝՝Լրագրողներ առանց սահմանների՛՛ կազմակերպության ներկայացուցչի խոսքով, Թուրքիայի բանտերում այսօր պահվում են մամուլի տասնյակ աշխատակիցներ.

«Նրանցից ոմանք բանտարկված են քաղաքական դրդապատճառներով, ոմանք՝ լրագրողական պարտականությունները կատարելու համար: Բազմաթիվ լրագրողներ նաեւ հարձակումների են ենթարկվել իրավապահների կողմից՝ ցույցերի լուսաբանման ընթացքում», - ասում է ՝՝Լրագրողներ առանց սահմանների՛՛ կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն:

Որոշ վերլուծաբանների կարծիքով սակայն, Եվրամիության կողմից Թուրքիայի քաղաքացիներին ազատ մուտքի իրավունքի արտոնումը կարող է դրականապես անդրադառնալ երկրի ներսում քաղաքացիական հասարակության զարգացման վրա:

«Այն ավելի ժողովրդավար կդարձնի Թուրքիայի ներսում պետություն-հասարակություն հարաբերությունները եւ մեզ կմոտեցնի Եվրամիության արժեքներին», - ասում է Բիլգի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Այհան Քայան:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ ազատ մուտքի իրավունքի արտոնումը եւ ֆինանսական օգնության տրամադրումը Եվրամիության խոստումն է, որի դիմաց Թուրքիան համաձայնել է հետ ընդունել արեւելքից Եվրամիություն ներգաղթաց փախստականների մի մասին եւ զատել մյուսներին՝ Եվրոպա թողնելով միայն սիրիացի փախստականներին: