«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերի հետ:
ԱՁ. Ինչո՞ւ բախումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցան հենց հիմա, եւ ովքե՞ր կարող էին դրանցում հետաքրքրված լինել:
Այն փաստը, որ դրանք տեղի ունեցան անմիջապես Վաշինգտոնում անցած գագաթաժողովից հետո, զուգադիպություն չէ: Դա միջոց է տեղական ուժերի եւ խմբերի համար ցույց տալու, որ իրենք դեռեւս հզոր են եւ մինչ Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահները հանդիպում են փոխնախագահ Բայդենին եւ բանակցում պետքարտուղար Քերրիի հետ, իրենք կարող են ազդել տեղում իրավիճակի վրա:
Միեւնույն ժամանակ, ես չէի մեղադրի հրադադարի խախտման մեջ միայն կողմերին: Սա այն խնդիրն է, որի մեջ ներգրավված են ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան եւ, անշուշտ՝ Միացյալ Նահանգները: Աշխարհում բոլորն այնքան էին կենտրոնացել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա, որ բաց թողեցին այն պահը, երբ այս, այսպես ասած «սառեցված» հակամարտությունը թեժացավ: Միջազգային հանրության արձագանքը շատ հետաքրքիր էր այս առումով՝ ոչ ոք չգիտեր, ինչ անել եւ ինչ ասել այս իրավիճակում:
ԱՁ. Ո՞րն է հակամարտության կարգովարման հնարավոր ճանապարհը:
Խնդիրն այն է, որ դա հիմնականում ռազմադաշտում տարվող պատերազմ չէ, սա հիմնականում պրոպագանդայի պատերազմ է եւ որպես ամերիկացի, ով գտնվում է Վաշինգտոնում, հետեւում կողմերի հայտարարություններին եւ տարածաշրջանի լրատվամիջոցներին, ինձ համար բարդ է պատկերացնել, թե իրականում ինչ է կատարվում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը այնքան բարդ խնդիր է դարձել, որ միջազգային հարցերով զբաղվող մարդկանց մեծ մասն ընդհանրապես չի ցանկանում դրա հետ գործ ունենալ:
Ի տարբերություն Սիրիայի, որտեղ մենք ասում էինք, որ անհրաժեշտ է օգնել փախստականներին, ղարաբաղյան խնդիրը շատերի համար երեւում է որպես Սառը պատերազմից մնացած, սովետական դարաշրջանի մի հակամարտություն, որի կարգավորումը թողնում են Ռուսաստանին: Այսպիսով, Ռուսաստանը ստանձնում է հակամարտության կարգավորման հիմնական դերը, սակայն, այն չունի խնդիրը կարգավորելու որեւէ դրդապատճառ:
ԱՁ. Տեղի ունեցած բախումներից հետո հնարավո՞ր է, որ միջազգային հանրության դերն ավելանա ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ:
Ես անկեղծ չեմ կարծում, որ միջազգային հանրությունն իր դերը կավելացնի այս խնդրի կարգավորման մեջ, եթե իհարկե իրավիճակն է՛լ ավելի չվատթարանա: Չմոռանանք, որ Սիրիայում բազմաթիվ մարդիկ էին զոհվում եւ միեւնույն է, միջազգային հանրությունը սկզբում չէր միջամտում:
Այսպիսով, իմ կարծիքով, կարգավորման ուղղությամբ իրական մեծ դեր ունեն տեղում բնակվող մարդիկ: Կարծում եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որոնք այժմ կուրծք են ծեծում եւ ավելացնում ազգայնական տրամադրությունները, իրականում շահագրգռված են իրենց ժողովուրդներին հանդարտեցնելու մեջ, քանի որ, եթե տրամադրությունները չափից ավելի սրվեն եւ ազգայնական դառնան, ապա վտանգ կներկայացնեն առաջին հերթին երկու երկրների իշխանությունների համար:
ԱՁ. Կարելի՞ է ասել, որ եղած ստատուս քվոն այս բախումների արդյունքում ավարտվել է:
Չէի ասի: Նույնիսկ հաշվի առնելով, որ դրանք 1994-ի հրադադարից հետո խոշորագույն բախումներն էին, չեմ կարծում, որ դրանք փոխեցին ստատուս քվոն:
Այո՛, ցավոք բազմաթիվ կյանքեր են կորսվել երկու կողմից, սակայն, դա այն չափը չէ, որպեսզի վերացնի ներկա ստատուս քվոն: Այս հակամարտությունն այնքան երկար է շարունակվում, որ անհրաժեշտ կլիներ շատ ավելի խոշոր իրադարձություն՝ ստատուս քվոն փոխելու համար:
Միեւնույն ժամանակ, պետք է նկատեմ, որ դեպի խաղաղություն եւ դեպի պատերազմ այս երկու հնարավոր ուղիներից այժմ իրադարձություններն ընթանում են այն ուղով, որը տանում է դեպի պատերազմ: Այսպիսով, այս բախումների արդյունքում, հարցն այն չէ, լինելո՞ւ է պատերազմ թե՝ ոչ, հարցն այն է՝ ե՞րբ է պատերազմ լինելու: Այսքան մարդկային զոհերը չեն կարող անպատասխան մնալ, քանի որ անպատասխան մնալու դեպքում, նման բախումները կրկնվելու են նորից ու նորից:
Այժմ կան ուժեր, որոնք փորձում են ղարաբաղյան խնդիրը կարգավորել ոչ թե քաղաքական, այլ՝ ռազմական ճանապարհով: Ես չեմ հավատում, որ խնդիրն ունի ռազմական լուծում, սակայն, տեղում կան ուժեր, որոնք հավատում են, որ կարող են հաղթանակ տանել: Այնքան ժամանակ է անցել այն բանից հետո, երբ նրանք իրական պատերազմի մեջ էին եւ նրանց մոտ կարող է պատրանք ստեղծվել, որ այս անգամ իրենց կհաջողվի հաղթել: Այս պայմաններում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները զգույշ չլինեն, ապա իրենց քաղաքացիներին կտանեն դեպի պատերազմ:
ԱՁ. 2017-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ը նոր նախագահ է ունենալու: Արդյոք կարո՞ղ է Միացյալ Նահանգների նոր ղեկավարը ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ նոր աշխատանք կատարել:
Կարծում եմ, Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում նոր հնարավորություններ են բացվում այս ուղղությամբ: Նա շատ լավ հասկանում է այս հակամարտությունը եւ երկար ժամանակ հետեւել է դրա զարգացումներին: Նա հասկանում է աշխարհաքաղաքական զարգացումները եւ միջազգային հարաբերությունները: Նախագահ դառնալու դեպքում, նա անպայման ցանկանալու է զբաղվել այն հարցերով, որոնց նախագահ Օբաման չի դիպչել եւ կարող եմ հաստատ ասել, որ նախագահ Օբաման չի դիպչել Հարավային Կովկասի տարածաշրջանին: