Հարցազրույց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի սերբական ծառայությունը հարցազրույց է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ։

Պարոն Ստոլթենբերգ, ո՞րն է Վաշինգտոն կատարած Ձեր այցի նպատակը։

  • Գլխավոր նպատակն է նախապատրաստվել հուլիսին Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որոշելու համար ավելի կարծր դիրքեր որդեգրող Ռուսաստանի դեմ մեր պատասխանը։ Երկիր, որը կրում է Ուկրաինայում ագրեսիվ գործողություններ իրականացնելու պատասխանատվությունը։ Քննարկելու ենք նաեւ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ ՆԱՏՕ-ի ջանքերը, Իրաքում եւ Սիրիայում ու Մերձավոր Արեւելքում շարունակվող բռնությունները։

Ունի՞ ՆԱՏՕ-ն այլ մտահոգություններ եւս։

  • Մենք երկու մարտահրավերների առջեւ ենք կանգնած ՆԱՏՕ-ի հարավային հատվածում՝ Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից արեւելքում հաստատված մարտահրավերը։ Եվ այս պահին մենք Սառը պատերազմի ավարտից ի վեր ուժերի ամենամեծ համալրումն ենք իրականացնում։ Խոսքը վերաբերում է դաշինքի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի հավելյալ ուժերի տեղակայմանը, ինչպես նաեւ արեւելյան հատվածում ավելի փոքր կենտրոնակայան հաստատելուն։ Այսինքն, ահագին աշխատանք ենք իրականացնում անվտանգությանը սպառնացող վտանգի առջեւն առնելու համար։

Երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ հնարավո՞ր է։

-Երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ հարկավոր է խուսափել նոր սառը պատերազմից։ ՆԱՏՕ-ն չի որոնում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու միջոցներ։ Սակայն միեւնույն ժամանակ կարծում ենք, որ ուժեղ պաշտպանություն ունենալու եւ երկխոսություն սկսելու հանգամանքը հակասում են միմյանց։ Մեզ երկխոսություն է հարկավոր նաեւ խուսափելու համար այնպիսի միջադեպերից, ինչպես պատահեց Թուրքիայի տարածքում ռուսական օդանավի կործանման դեպքում։

Կարծում եմ, որ համաշխարհային երկու պատերազմներն էլ սովորեցրել են մեզ, որ Եվրոպայուն անվտանգությունը նաեւ կարեւոր է Հյուսիսային Ամերիկայի համար։ Նաեւ՝ ՆԱՏՕ-ն կարեւոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պատերազմում։ Աֆղանստանը ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ն կարեւոր է ե՛ւ Եվրոպայի ե՛ւ ԱՄՆ-ի համար, եւ մենք պաշտպանում ենք մեկս մյուսին։

Կարո՞ղ է ՆԱՏՕ-ն օգնել լուծելու Եվրոպայում փախստականության ճգնաժամը։

  • ՆԱՏՕ-ն աջակցում է Եվրոպական Միությանն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիային ու Հունաստանին՝ փախստականության ճգնաժամը հարթելու համար։ Դա մենք անում ենք այնտեղ նավեր տեղակայելով։ Էգեյան ծովում մենք արդեն մի քանի նավ ենք տեղակայել։ Նրանց գործը փախստականների նավերը հետ ուղարկելու մեջ չէ։ Նրանք անց են կացնում հետախուզական ու հետազոտական աշխատանքներ ու ստացված տեղեկությունները կիսում Թուրքիայի ու Հունաստանի սահմանապահ ուժերի եւ Եվրոպական Միության սահմանապահ FRONTEX գործակալության հետ։ Այդ տեղեկություններն օգտագործելով են վերջիններս որոշում փախստականների ճգնաժամն ավելի արդյունավետ եղանակով լուծելու հարցը։

Ի՞նչ է ծրագրում ՆԱՏՕ-ն ապագայի համար։ Դուք տեսնո՞ւմ եք ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակման հնարավորություն։

-ՆԱՏՕ-ն գտնվում է նոր անդամներ իր կազմի մեջ հրավիրելու գործընթացի մեջ։ Այն որոշել է հրավիրել Մոնտենեգրոյին։ Այժմ ընթանում է անդամագրության բանակցություններն ավարտելու փուլը։

Կկամենայի՞ք որեւէ բան ավելացնել։

-Մենք միշտ բաց ենք՝ բոլոր գործընկերների հետ աշխատանքներ իրականացնելու հարցում։ Մենք գործընկեր մեծաթիվ երկրներ ունենք, որոնք շատ մոտ են կանգնած ՆԱՏՕ-ին ու կարեւոր են այս դաշինքի համար։