Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին հարձակումները

Այս առավոտ իր հաղորդագրության մեջ, Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին հարձակումները և Օբամայի վարչակազմին կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել:

Ապրիլի 4-ին Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է.

«Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սրումը և վերստին կոչ է անում վերականգնել և լիովին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, մինչև վերջինս չդադարի իր հարձակողական գործողությունները:

Խորապես սգում ենք մարդկային ողբերգական կորուստները: Համագումարը միասնական է համայն հայության հետ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունը և անվտանգությունն՝ ընդդեմ այս լրջագույն արտաքին սպառնալիքների: Հայոց ցեղասպանությունից ի վեր հայ ժողովրդի կրած տառապանքներն ու զոհողություններն արդեն բավ են, և հայերն արժանի են ավելիին»:

Ամերիկայի հայկական համագումարն իր հայտարարությամբ հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիմնարար հավատարմության վրա:

«Կոչ ենք անում Օբամայի վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել հարձակվող կողմին», եզրափակում է Ամերիկայի հայկական համագումարի հրապարակած հայտարարությունը:

AAA MAP OF CEASEFIRE VIOLATIONS BY AZERBAIJAN AGAINST THE REPUBLICS OF ARMENIA & NAGORNO KARABAKH