“Մարտերը շարունակվում են շփման գծի հարավարեւելյան ու հյուսիսարեւելյան հատվածներում”

Ադրբեջանական խոցված ուղղաթիռը

Ադրբեջանը հայտարարել է “միակողմանի հրադադար հաստատելու մասին: Սակայն Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հերքում են այն` հայտարարելով, որ ադրբջանական կողմը շարունակում է հրետանակոծությունը:

Ինչպես Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի խոսնակ Դավիթ Բաբայանն է ասում. “Կատաղի մարտերը Ադրբեջանի հետ շփման գծում շարունակվում են հարավարեւելյան ու հյուսիսարեւելյան հատվածներում”:

Խոսնակներից Սենոր Հասրաթյանն էլ ասել է, թե ադրբեջանցիները կիրառում են “Գրադ” մակնիշի հրթիռներ ու ծանր հրետանի` ընդդեմ Մարդարկերտի շրջանի: Կիրակի օրը հայկական կողմում կա երկու վիրավոր:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե ինքը “մինչեւ վերջ” պաշտպանում է Ադրբեջանին: Ինչպես “ԲիԲիՍի” բրիտանական լրատվական գործակալությունն է հիշեցնում իր ընթերցողներին, Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Բաքվի հետ, սակայն չունի հարաբերությունների Հայաստանի հետ` Օսմանյան տարիներին հայերի դեմ իրականացված զանգվածային սպանությունների պատճառով: “Ջարդ, որը հայերի պնդմամբ եղել է ցեղասպանություն”, գրում է “ԲիԲիՍի”-ն:​

Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության կայքէջում: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում "պարզաբանվել է հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն" ուղղված ԼՂ ՊԲ գործողությունների բովանդակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ "հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂ պաշտպանությանը":

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակն "Ամերիկայի Ձայն"-ի թղթակցին ասել է. ՛՛Ողջունելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի կոշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանին զսպելու ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ իրավիճակը հարթելու համար՛՛: