Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով

Վերջին ամիսներին իրավիճակը Հարավային Կովկասում արմատապես փոխվել է:

Ստեղծվող նոր իրավիճակում զարգացման եւ անվտանգության ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է գրավել Արեւմուտքի ուշադրությունը՝ նորամուծություններ ու նոր լուծումներ առաջարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները:

«Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես Արեւմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ Հայաստանին դրական են վերաբերվում»:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի խոսքով, երկրին անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել կառավարման ոլորտն ու բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում դեսպանը նշում է սահմանադրական բարեփոխումների ընդունումը.

«Միգուցե, դա կամրապնդի քաղաքական կուսակցությունների համակարգը եւ կառավարության վարկանիշը կբարձրանա քաղաքացիների աչքերում»:

Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը Հայաստանի առաջնահերթ նպատակներն են՝ հաջողության հասնելու համար, համոզված է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը.

«Հայաստանը պետք է իրական առաջարկներ դնի սեղանին, նո՛ր գաղափարներ առաջարկի, առաջ բերի նո՛ր սերնդի առաջնորդներ»:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է նաեւ մեծացնել սեփական դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարների համար հետաքրքիր դառնալու նպատակով.

«Դա ներառում է Ռուսաստանի եւ այլ գործընկերների հետ աշխատանքը՝ Իրանի նոր դերից շահեր քաղելու միջոցներ հայթայթելու նպատակով»:

Տնտեսական խնդիրներից եւ արտագաղթը կանխելուց բացի, Հայաստանը որոշ անելիքներ ունի նաեւ արտաքին ասպարեզում, համոզված է «Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը:

«Այսպիսով, Արեւմուտքի ուղղությամբ, հիմնական նպատակների հետ միասին, Հայաստանն ունի դիվանագիտական եւս մեկ նպատակ, այն է՝ ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ»:

ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսն այս խնդրին այլ կերպ է նայում.

«Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու հարցերում ստեղծված իրավիճակում ստիպված է հենվել Ռուսաստանի վրա, այնպես որ, տարածաշրջանին ծանոթ մարդիկ նման սերտ համագործակցությանն ըմբռնումով են մոտենում»:

Կարեւորն այն է, ընդգծում է դեսպանը, որ Հայաստանը եղել եւ մնում է ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը եւ չի փոխել ժողովրդավարության զարգացման ուղղվածությունը: