Ռոնդա Ռոուսին «Ultimate Fighting Championship» (UFC) խառը մարտարվեստի ակումբի անկրկնելի մարզիկ է, ԱՄՆ-ի հավաքականի դյուդո մարտարվեստի առաջին կին օլիմպիական չեմպիոնը, տաղանդավոր դերասանուհի և «Sports Illustrated» ամսագրի մոդել: Ռոնդան մարզվում է Կալիֆորնիայում գտնվող Գոքոր Չիվիչյանի «Հայաստան» խառը մարտարվեստի ակումբում և Էդմոնդ Թարվերդյանի «Գլենդել» մարտական ակումբում:
Մինչև 2015 թվականի դեկտեմբեր ամիսը UFC-ի չափանիշներով Ռոնդան համարվում էր թիվ մեկ կին մարզիկը աշխարհում: 2015 թվականի նոյեմբերին, ի զարմանս սպորտի բոլոր սիրահարների և փորձագետների, անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին Հոլլի Հոլմի հետ մարտում կրեց իր առաջին պարտությունը:
Ռոնդայի պարտությունը անսպասելի էր թե՛ նրա երկրպագուների և թե՛ հենց մարզիկի համար: Երեքշաբթի օրը առաջին անգամ Ռոնդա Ռոուսին պատմել է պարտության հետևանքների և իր զգացմունքների մասին:
Ինչպես Ռոնդան է ասում. «Նստած էի հիվանդասենյակում և մտածում էի ինքնասպանություն գործելու մասին: Այդ պահին մտածում էի, որ այլևս ոչ մի դեր չունեմ աշխարհում, չգիտեի թե ինչ պետք է անեի»:
Ռոնդայի հայրը ինքնասպանություն է գործել, երբ աղջիկը ընդամենը ութ տարեկան էր: Եվ նույն իրավիճակից իրեն դուրս բերելու համար Ռոնդան շնորհակալություն է հայտնել ընկերոջը:
Ռոնդան ասում է,- «Հուսահատության պահին ես վեր նայեցի և տեսա իմ առջև կանգնած Թրեյվիսին: Ես մտածեցի, որ դեռ պետք է ողջ մնամ և այս տղամարդուն երեխաներ պարգևեմ»:
29 ամյա մարզիկի խոսքերով, Հոլլի Հոլմի հետ մարտի ժամանակ ինքը բավականին հոգնած է եղել, քանի որ ինը ամիսների ընթացքում նա երեք անգամ պաշտպանել էր չեմպիոնի գոտին: Ռոնդան հույս ունի, որ Հոլլի Հոլմը ի վիճակի կլինի պահպանել չեմպիոնի տիտղոսը Միշա Տատեի հետ առաջիկա մարտի ժամանակ: Քանի որ հենց ինքն է ուզում լինել այն մարզիկը, ով Հոլլիից կվերցնի իր կորցրած գոտին:
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռոնդա Ռոուսին նույնպես այցելել էր Երևան: Նա իր հարգանքի տուրքն էր մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել էր «System of a Down» խմբի համերգին և բաց պարապմունք անցկացրել սպորտի սիրահարների համար:
Your browser doesn’t support HTML5