Նպատակ, որը Ռուսաստանին ու Սաուդյան Արաբիային դաշնակիցներ դարձրեց

Աշխարհի նավթի խոշորագույն մի շարք արդյունահանողներ այս շաբաթ փորձ արեցին բարձրացնել նավթի գները:

Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան ու Քաթարը կարող են լուրջ տարաձայնություններ ունենալ քաղաքական խնդիրներում, սակայն, կա մեկ բան, որը դրանց միավորում է, գրեթե՝ դաշնակից դարձնում:

«Ինչպես գիտեք, նավթի ներկա գինը չի խթանում ներդրումները», - ասում է Քաթարի էներգիայի նախարար Սալեհ ալ-Սադան:

Դե իհարկե, Մոսկվայի, Ռիադի, Կարակասի եւ Դոհայի ներքին կայունության պահպանման մեջ մեծ դեր են խաղում նավթի վաճառքից ստացված եկամուտները: Փորձելով կանգնեցնել վերջին 12 տարիներին նավթի ամենացածր գնի շարունակական անկումը՝ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան ու Քաթարը որոշել են սառեցնել նավթի արդյունահանումը՝ հույս ունենալով, որ այն կբերի նավթի առաջարկի որոշակի նվազման եւ կխթանի դրա գնի բարձրացումը:

«Շատ կարեւոր է նավթի համար արդար գումար ստանալ՝ արդյունահանման համար անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար», - ասում է Վենեսուելայի նավթարդունաբերության նախարար Էուլոջիո Դել Պինոն:

Նավթային շուկան իրոք արձագանքեց այս որոշմանը, սակայն՝ սպասվածից թույլ. մեկ տակառի գինը թանկացավ ընդամենը 89 ցենտով, հասնելով 34 դոլար 27 ցենտի: Սակայն նավթի վաճառքի շնորհիվ ապրող երկրները չեն հուսահատվում:

«Մեր գնահատմամբ, առաջարկն այսօր իջնում է ներկա գների պատճառով, մինչդեռ պահանջարկը բարձրանում է», - ասել է Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի այ Նայիմին:

Վերլուծաբանների կարծիքով սակայն, նախաձեռնության հեռանկարներն այնքան էլ խոստումնալից չեն: Մասնավորապես, նավթի արդյունահանման ներկայիս մակարդակն արդեն իսկ պահանջարկից շատ ավելի բարձր է: Դրանից բացի, նախաձեռնությանը չի նախատեսում միանալ Իրանը, որն ընդհակառակը, նախատեսում է հաջորդ տարիներին զգալի ավելացնել նավթի արդյունահանումը եւ արտահանման ծավալները:

«Մենք ականատես ենք լինելու նավթի առաջարկի ավելացմանը Իրանի կողմից եւ, ընդհակառակը, կարելի է ակնկալել, որ նավթային ոլորտին դեռ ծանր օրեր են սպասվում», - ասում է ETX Capital Market-ի վերլուծաբան Ջո Ռանդըլը:

Իրականում, նավթի գների անկումը նոր հնարավորություններ է բացում արտադրությամբ զբաղվող երկրների համար, որոնց թվում են ինչպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի նման հսկաները, այնպես էլ՝ նոր զարգացող պետությունները: