Վաշինգտոնում տարաձայնում են Գերագույն դատարանում թափուր տեղի շուրջ

Վաշինգտոնում տարաձայնում են Գերագույն դատարանում թափուր տեղի շուրջ

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիայի մահը Վաշինգտոնում իրավական և քաղաքական անհամաձայնությունների ալիք է բարձրացրել:

Շաբաթ օրը վախճանվեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիան, որն իր պաշտոնը ստանձնել էր 1986 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նշանակմամբ: Դատավոր Սքալիան իր աշխատանքի ընթացքում կայացրել է մի շարք պահպանողական և նշանակալի որոշումներ, որոնք երբեմն դարձել են իրարամերժ կարծիքների պատճառ։

.S. Supreme Court Justice Antonin Scalia

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, Ավելի քան 30 տարի դատավոր Էնթընին Սքալիան դյուցազնական տեղ է զբաղեցրել դատարանում: Անկասկած նա կհիշվի որպես Գերագույն դատարանի ամենից ինքնավստահ դատավորներից մեկը և որպես մեծ մտավորական:

Նախագահ Օբաման նաև անդրադարձել է Էնթընին Սքալիանին փոխարինող կարգելու իր որոշմանը:

Բարաք Օբաման ասել է,- “Ես պատրաստվում եմ սահմանադրական իմ պարտքը կատարել և պատշաճ ժամանակահատվածում նրան փոխարինող նշանակել”:

Սակայն Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուներից մի քանիսը, այդ թվում Թեդ Քրուզը ասում են, թե Գերագույն դատարանի նոր անդամ չի նշանակվելու մինչև հաջորդ նախագահը չստանձնի իր պաշտոնը:

Ըստ Թեդ Քրուզի, “Սենատը վերջին 80 տարիների ընթացքում չի հաստատել որևէ դատավորի թեկնածություն` նախագահի նախագահության վերջին տարում: Եկող ընտրությունները նաև պիտի լինեն նոր դատավորի ընտրության հանրաքվե։ Որոշումը պետք է կայացնի ժողովուրդը”:

Սակայն Սենատում նախագահի կողմնակիցները, այդ թվում՝ Բեռնի Սենդերսը համաձայն չեն այդ կարծիքի հետ:

Ինչպես Սենդերսն է ասում, “Սահմանադրությունը բավականին հստակ է այս հարցում: Գերագույն դատարանի անդամների նշանակումը ԱՄՆ-ի նախագահի պարտականությունն է։ Դրանից հետո Սենատը պարզապես պետք է ընտրությունը հաստատի: Իմ կաչծիքով, նախագահ Օբաման է ընտրություն կատարելու և հուսով եմ, նա այդ կանի հնարավորինս արագ”:

U.S. Supreme Court justices

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները ծառայում են ցմահ, և Սքալիային փոխարինողը կարող է արհեստական վիժումների, զենքի, խոշոր ընկերությունների և մի շարք այլ հարցերի շուրջ դատարանի գաղափարախոսական ուղղվածությունը փոխել: Եթե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հավատարիմ մնան իրենց կողմնորոշմանը, ապա նոյեմբերին կայանալիք ընտրությունները ոչ միայն կորոշեն, թե հաջորդ չորս տարիներին ով է լինելու Սպիտակ տան տերը, այլ նաև՝Գերագույն դատարանի կառուցվածքը՝ հաջորդ սերնդի համար: