Երեք տարի առաջ «Wikileaks» ինտերնետային կայքի հիմնադիր Ժուլիեն Ասանժը ժամանակավոր ապաստարան գտնելու միտումով դիմել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն, որտեղ էլ մինչ օրս մնացել է պատսպարված: Ուրբաթ օրը, մամուլի ասուլիսի ժամանակ Ասանժը տեսախցիկի միջոցով խոսել է Էկվադորի դեսպանատնից:
Նա ասում է,- «Վերջնական որոշում է կայացվել: Եվ Միավորված ազգերի կազմակերպության որոշումը հնարավոր չէ բողոքարկել: Իմ կալանավորման անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը օրենքի որոշման հարց է»:
ՄԱԿ-ի հանձնաժաղովի որոշմամբ, Ժուլիեն Ասանժը պահվել է իր կամքին հակառակ, ինչը ոտնձգություն է նրա ազատության հանդեպ: Հանձնաժողովի որոշմամբ, նա պետք է ազատ արձակվի և փոխհատուցվի:
Ինչպես Մեծ Բրիտանիայի արտգործ նախարար Ֆիլիպ Համմոնդն է նշել, իրենք և Շվեդիան, որն Ասանժի արտահանձնումն է պահանջում նրա նկատմամբ առկա բռնաբարության մեղադրանքով, բոլորովին համաձայն չեն այս որոշման հետ:
Համմոնդը ասել է,- «ՄԱԿ-ի այս որոշումը պարզապես անհեթեթ է, և մենք այն մերժում ենք»:
Հիշեցնենք, որ Ժուլիեն Ասանժը ԱՄՆ-ում հետաքննության մեջ է «WikiLeaks» ինտերնետային կայքում հայրուր հազարավոր գաղտնի քաղաքական և ռազմական նյութերի տեղադրումից հետո: Դրանց թվում էր այս տեսագրությունը, որտեղ ԱՄՆ-ի դասակը հարձակում է գործում Բաղդադում՝ սպանելով առնվազն 12 մարդ, այդ թվում «Ռոյթերս» լրատվական գործակալության երկու լրագրողի:
ՄԱԿ-ի որոշումը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, և Մեծ Բրիտանիան պնդում է, որ Ասանժը կալանավորված չի եղել, այլ ինքնակամ է ապաստանել Էկվադորի դեսպանատանը: Նույնիսկ ՄԱԿ-ի որոշումից հետո, եթե Ժուլիեն Ասանժը լքի Էկվադորի դեսպանատունը, Մեծ Բրիտանիայում նրան սպասվում է ձերբակալություն, բռնաբարության հարցով հարցաքննություն՝ Շվեդիայում և դատավարություն՝ Միացյալ Նահանգների դատարանում:
Your browser doesn’t support HTML5