ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի մահմեդական մզկիթ այց կատարելով` երկրի նախագահ Բարաք Օբաման ասաց.
“Մենք ամերիկյան մի ընդհանուր ընտանիք ենք, եւ երբ ընտանիքի մի մասն իրեն զգում է առաձնացած կամ իրեն զգում է որպես երկրորդ դասի մաս, մասնատում է մեր ամբողջ ժողովրդի էությունը”:
Բալթիմորի Մահմեդական ընկերակցությունում Օբաման հավաքվածներին ասաց, թե ինքը մեծապես մտահոգված է Ամերիկայի մահմեդականների նկատմամբ այսօր նկատվող թշնամական դրսեւորումներից:
Ի դեպ, մզկիթը, ուր այցելել էր Օբաման, նույնպես վերջերս ենթարկվել էր բռնությունների:
Օբաման հիշեցրեց, որ վերջերս նաեւ հնչում է քաղաքական հռետորաբանություն ընդդեմ Ամերիկայի մահմեդականների: Նա հավանաբար նկատի ուներ հանրապետականների նախագահական առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփին, որն առաջարկում է ժամանակավորապես արգելել մահմեդական որեւէ ներգաղթյալի մուտքն ԱՄՆ-ի տարածք:
Ամերիկայի մահմեդականները գոհ են, որ նախագահ Օբաման ու դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթընը հանդես են գալիս մահմեդականների նկատմամբ խտրականության դրսեւորումների դեմ:
Բալթիմորում իր ելույթի ժամանակ Օբաման խոսեց նաեւ Ամերիկայի մահմեդականների առաջնորդների հետ իրականացվելիք աշխատաքների մասին, որոնց նպատակը պիտի լինի ծայրահեղականների կողմից մահմեդականներին արմատականացնելու հնարավորության չեզոքացումը:
“Այժմ բոլորս մի առաջադրանք ունենք` մեր հավատքն օգտագործել ոչ թե միմյանցից բաժանվելու, այլ` միմյանց միջեւ կամուրջներ կառուցելու համար”:
Օբաման կոչ արեց ամերիկացիներին հավատարիմ մնալ ամերիկյան արժեքներին, այդ թվում` խղճի ազատությանը եւ պայքարել հանուն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի: