Զիկա վիրուսը առաջին անգամ սեռական ճանապարհով փոխանցվել է ԱՄՆ-ի բնակչին

ZIKA VIRUS

Թեքսասում գրանցվել է զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման առաջին դեպքը ԱՄՆ-ում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսը հանրային առողջապահության արտակարգ իրադրություն է ճանաչել:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ Թեքսասում գրանցվել է զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման դեպք: Սա ԱՄՆ-ում այս համաճարակի վիրուսի փոխանցման առաջին դեպքն է: Դալլաս քաղաքի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ սեռական ճանապարհով վարակված անձը զիկա վիրուսը ձեռք է բերել վերջերս Վենեսուելա այցելած իր զուգընկերոջից, ով էլ իր հերթին վարակվել էր «Aedes aegypti» ցեղի մոծակի խայթոցից:

Նախկինում զիկա վարակի սեռական ճանապարհով փոխանցման ընդհամենը երկու դեպք է գրանցվել: Ֆրանսիական Պոլինեզիայում 2013 թվականին զիկա վարակի բռնկման դեպքը, երբ վիրուսի առկայությունը հայտնաբերել են տղամարդու մեզի և սերմնահեղուկի մեջ, այն դեպքում երբ արյան մեջ վիրուսի հետքեր չեն գտնվել: Այդ դեպքից հինգ տարի առաջ էլ, միկրոկենսաբան Բրայան Ֆոյի կինն էր վարակվել, երբ վերադարձել էր Սենեգալ կատարած ճամփորդությունից հետո:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նաև տեղեկացրել է, որ վիրուսի փոխանցման դեպքեր են գրանցվել ծննդաբերության, արյան փոխներարկման և լաբորատորիաներում աշխատելու միջոցով: Զիկա վիրուս է հայտնաբերվել նաև կերակրող մայրերի կաթում, սակայն դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այն կարող է նորածնին փոխանցվել կաթի միջոցով:

Հիմնվելով վարակի վերաբերյալ ունեցած վերջին տվյալների վրա՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը շուտով տեղեկություններ կտրամադրի սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման մասին, շեշտը դնելով արդեն հղի, կամ հղիանալ պատրաստվող կանանց զուգընկերների վրա:

Հիշեցնենք, որ վիրուսի սկիզբը ասոցացվում է մայքրոսեֆալի կոչվող արատով նորածինների ծնունդի թվի զգալի աճի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) համաճարակների և առողջապահության արտակարգ իրավիճակների բաժնի գործադիր տնօրեն, Դոկտոր Բրյուս Այլվարդն էլ հայտարարել է, որ Էլ Սալվադորում, Բրազիլիայում և ֆրանսիական Պոլինեզիայում գրանցվել է նաև «Guillain-Barre» կոչվող անդամալուծության հանգեցնող համախտանիշի դեպքերի աճ, ինչը նույնպես կարող է զիկա վիրուսի հետևանքներից մեկը լինել:

Aedes aegypti

Զիկա վիրուսի տարածող հանդիսացող «Aedes aegypti» ցեղի մոծակները տարածվել են ավելի քան 24 երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ հաջորդ երկու տարիների ընթացքում Ամերիկա մայր ցամաքներով մեկ 3-4 միլիոն մարդ կվարակվի զիկա վիրուսով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հղի կանանց խրախուսում է չայցելել վարակի բարձր ցուցանիշ ունեցող երկրներ: Այս երկրներից մի քանիսն էլ կին քաղաքացիներին խնդրում են խուսափել հղիությունից, ընդհուպ մինչև երկու տարի:

Երկուշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զիկա վիրուսը հանրային առողջապահության արտակարգ իրադրություն է ճանաչել: Հիշեցնենք, որ վիրուսի դեմ դեռևս դեղամիջոց չկա, սակայն UNICEF միջազգային կազմակերպությունը 9 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է սկսում վիրուսի դեմն առնելու միտումով:

Your browser doesn’t support HTML5

Զիկա վիրուսը առաջին անգամ սեռական ճանապարհով փոխանցվել է ԱՄՆ-ի բնակչին