Սիրիայում կարգավորման շուրջ նոր բանակցային գործընթացը դանդաղ, սակայն հավելյալ խողովակ է հակամարտության երկու կողմերի միջև միջնորդավորված ճանապարհով հասնելու արյունահեղության դադարեցմանը: Նպատակ է հանդիսանում նաև ճանապարհ հարթել դեպի քաղաքական կարգավորում և նոր ընտրություններ:
Այժմ Դը Միսթուրան կհանդիպի կառավարության ներկայացուցիչների հետ մինչև ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններին վերադառնալը։
Մինչդեռ Սիրիայի ընդդիմության ավագ բանագնաց Մոհամեդ Ալուշը ասել է, որ լավատեսորեն չի տրամադրված, քանի դեռ չկա փոփոխություն տեղերում առկա պայմաններում:
«Իրականում տեղերում ոչ մի պայմանավորվածություն չի իրականացվել և ուստի առկա իրերի դրությունը լավատեսություն չի ներշնչում ոչ մեր, ոչ էլ վարչակարգի համար, վերջինիս կողմից բացակայում է բարի կամքը այսուհետ հասնելու կարգավորման», - ասել է ընդդիմության ներկայացուցիչը:Դը Միսթուրան երկուշաբթի դիմել է Սիրիայի միջազգային աջակցության խմբի անդամ երկրներ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Իրանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային ու մյուսներին՝ հիշեցնելով, որ նրանք համաձայնվել էին, որ զինադադարը պիտի սկսվեր բանակցություններին զուգահեռ:
Աջակցության խմբի անդամները որոշակի ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, սակայն այն անվերապահ չէ և զինադադարի հաստատման գործընթացը բարդացել է երկուշաբթի օրը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ կառավարական զորքերի կողմից Հալեպի հյուսիսում սկսված հարձակումից հետո, որը նպատակ ունի վերջնականապես շրջապատել ընդդիմադիր ուժերին քաղաքի արևելյան հատվածում: Ընդդիմությունը սպառնում է դադարեցնել բանակցությունները, եթե կառավարությունը բարի կամք չդրսևորի և չդադարեցնի հարձակումն ու պաշարումները:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակը երկուշաբթի նշել է, որ Սիրիայի կառավարությանը մանրամասն ցուցակ կուղարկի այն օգնության վերաբերյալ, որը մտադիր է հասցնել Սիրիայում պաշարված երեք քաղաքներ, սննդի խիստ կարիք ունեցող մարդկանց ՄԱԿ-ի կողմից մատակարարումներ իրականացնելու սկզբունքային համաձայնություն ձեռքբերելուց հետո սիրիայի կառավարության հետ:
ՄԱԿ-ում չեն նշել, թե երբ կսկսվեն մատակարարումները Մադայ, Ֆոուա և Քֆարյա քաղաքներ: Դամասկոսից 40 կիլոմետր հեռավորությամբ Մադայան ամիսներ շարունակ գտնվում է կառավարական զորքերի պաշարման ներքո, մինչդեռ ապստամբները ավելի քան մեկ տարի շարունակ պաշարված են պահում Ֆոուա և Քֆարյա քաղաքները Իդլիբի նահանգում:
Սիրիայում առկա է ավելի քան 15 պաշարված շրջան, որը ՄԱԿ-ի գնահատականներով 400 հազար մարդու բնակատեղի է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշեցրել է բոլոր հակամարտող կողմերին, որ սովահարությունը, իբրև պատերազմելու զինանոց օգտագործելը, ռազմական հանցագործություն է: