Ռումբի պայթյունի հետևանքով Թուրքիայում վեց մարդ է զոհվել

Ռումբի պայթյունի հետևանքով Թուրքիայում վեց մարդ է զոհվել

Հարավ-արևելյան Թուրքիայի պետական մարմինները հավաստում են, որ Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման գրոհայինները ռումբ պայթեցնելու միջոցով սպանել են վեց մարդ և վիրավորել տասնյակ ուրիշների, որը հաջորդել է Ստամբուլում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունին:

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի փոքր Չնար քաղաքի անդորրը խախտել է գիշերային պայթյունը: Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հինգշաբթի երեկոյան պայթեցրել են ոստիկանական բաժանմունքը և հարակից շինությունները: Անվտանգության աշխատակիցների տրամադրած տվյալներով օգտագործվել է 1.5 տոննա պայթուցիկ: Ռումբի պայթյունին հաջորդել են գրոհայինների արձակած կրակոցները:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի պայքարել ամեն տեսակի ահաբեկչության դեմ, Չնարի զոհերի շարքում է եղել հինգ ամսեկան մի փոքրիկ:

Անվտանգության աղբյուրների տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է երեք երեխա, մեկ ոստիկան, երկու անհայտ անձ և վիրավորվել է 39 մարդ, ներառյալ վեց ոստիկան:

1984 թվականին Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման հիմնադրումից ի վեր հակամարտությունները մեծամասամբ ծավալվել են երկրի գյուղական տարածքներում, սակայն վերջին շրջանի հարձակումները կենտրոնացած են քաղաքային տարածքներում: Խմբավորման ձևավորումից ի վեր Թուրքական ուժերի և խմբավորման գրոհայինների հակամարտությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է շարունակել պայքարը Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման գրոհայինների դեմ մինչև նրանց տապալումը:

Հարկ է նշել, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից: