Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի նախագահը մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել՝ զենքի վաճառքի կարգավորման ուղղությամբ:

«Երկարատեւ քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարարավորություն ունեն, չափից մեծ ազատ», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նախագահի խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար:

«Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց եղբայրներին եւ քույրերին, ծնողները՝ հողին հանձնում իրենց զավակներին», - նշել է Օբաման:

Նախագահ Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգները միակ առաջատար երկիրն է, որտեղ այս ծավալներով է տարածված զենքի կիրառմամբ զանգվածային բռնությունը:

«Մեզ համար այն նույնիսկ սովորական է դարձել, եւ խնդիրը կարգավորելու փոխարեն մենք ընկղմված ենք դրա շուրջ վեճերի մեջ», - ավելացրել է նախագահը:

Հրազենային զանգվածային հարձակումների օրինակների թվում Բարաք Օբաման թվարկեց Նյութաունի դպրոցում 2012-ին տեղի ունեցած ողբերգությունը, որի ընթացքում հոգեկան խանգարումներ ունեցող 20-ամյա, զինված հանցագործը սպանել էր սեփական մորը, դպրոցի 6 ուսուցչի եւ առաջին դասարանի 2Օ աշակերտների: Հիշատակելով սպանված 6 տարեկան երեխաներին՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդը չկարողացավ զսպել արցունքները:

«Ամեն անգամ, երբ այդ երեխաների մասին եմ մտածում ... այդ միտքն ինձ խելագարեցնում է: Ու ի դեպ, նման դեպքեր պատահում են Չիկագոյի փողոցներում, ամեն օր», - նշեց Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է կարգավորել զենք գնելու գործընթացը, մասնավորապես, լիցենզավորել զենքի վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին եւ ձեռներեցներին, եւ կարգավորել զենք գնելու թույլտվություն ձեռք բերելու գործընթացը: Այժմ, Օբամայի խոսքով, ինտերնետով կարելի է զենք գնել առանց որեւէ թույլտվության:

ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությանը դեմ են որոշ զենք արտադրողներ եւ պահպանողականներ, որոնց կարծիքով, Սահմանադրության մեջ ամրագրված զենք կրելու իրավունքը պետք է արտացոլվի ուղղակիորեն:

«Նրանք ցանկանում են զենքերը գրանցել, որից հետո դրանք բռնագրավելու են մեզնից: Բռնագրավմամբ զբաղվել են Հիտլերն ու Ստալինը, որոնք ցանկանում էին հսկել բնակչությանը», - ասում է Թեքսասի զենքի խանութի սեփականատեր Ջեյմս Հիլը:

Նախագահ Օբաման սակայն նշել է, որ զենք կրելու իրավունքը չի սահմանափակվելու, սակայն հոգեկան խնդիրներ եւ քրեական անցյալ ունեցող մարդիկ այլեւս զենք չեն ունենալու զենք ձեռք բերելու իրավունք։