Սուննի - շիա հակասությունները կարող են բախման բեմահարթակ ընտրել Սիրիայի տարածքը

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, թե Աստծո պատժիչ ձեռքը ծռելու է Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչների պարանոցը։ Դրան նախորդել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույցերը։

Դատապարտելով հանդերձ Սաուդյան Արաբիայում շիա մահմեդական շեյխի մահապատիժը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին սակայն հանդես եկավ ավելի զուսպ հայտարարությամբ, ասելով, թե դեսպանատան դեմ հարձակումները կարող են ստվեր նետել Իրանի հեղինակության վրա ու կոչ արեց զերծ մնալ անօրինական գործողություններից։

Այս ամենը տեղի է ունենում հակառակ ԱՄՆ-ի սպասումներին, որն ակնկալում էր, որ շիա Իրանի ու սուննի Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններում մի փոքր ջերմացումը կարող էր օգնել վերջ տալու պատերազմները Սիրիայում ու Եմենում։

Կիրակի օրն Այդահո նահանգում գտնվող իր առանձնատնից ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարել է Իրանի իր պաշտոնակից Մուհամեդ Ջավադ Զարիֆին, որոնց միջեւ սերտ հարաբերություններ են հաստատվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցությունների ընթացքում։ Զրույցի մասին մանրամասնություններ չեն հայտնում, սակայն հստակ է, ասում են փորձագետները, որ Քերրին կոչ է արել Զարիֆին ավելի չսրել իրադրությունը։ Իրադրության կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Եվրոպական Միությունը։

Այս ամենի արմատն իհարկե շիա մահմեդական շեյխի մահապատիժը չէր։ Այն միայն պատրվակն էր։ Պատճառն ավելի խորը բնույթ ունի։ Լինելով մահմեդական կրոնի իրար հակադիր ուղղությունների դավանողներ, Սաուդյան Արաբիան ու Իրանը երկար տարիներ են պայքարում Մերձավոր Արեւելքում իրենց ազդեցությունը տարածելու համար, ինչը նկատելի է հատկապես վերջին տարիներին Իրաքում ու Արաբական գարունից հետո։ Օրինակ Սաուդյան Արաբիան հրասայլեր է ուղարկել շիա մեծամասնությամբ Բահրեյն, սուննի միապետին աջակցելու համար։ Իսկ ահա Սիրիայում, ի հակադրություն Սաուդյան Արաբիայի, Իրանն աջակցում է Բաշար ալ Ասադի կառավարությանը։

Ինչպես Ջոնս Հոփքինսի համալսարանի միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աբաս Քադիմն է ասում, երկու կողմերն այսուհետ ամեն պատրվակ կարող են օգտագործել լարվածությունն է՛լ ավելի սրելու համար։ Իհարկե չեն փորձի ու չեն համարձակվի իրականացնել ռազմական գործողություններ ընդդեմ մեկը մյուսի, բայց ավելի մեծ ռազմական ներդրումներ կանեն այլ հակամարտություններում, մասնավորապես Սիրիայում, ու իրենց հակասությունները կարտահայտեն ու միմյանց դեմ կպայքարեն Սիրիայի հողի վրա։