Արևմտյան Աֆրիկայի երկրները վերջնականապես ազատվել են էբոլայի վարակի տարածման վտանգից

Արևմտյան Աֆրիկայի երկրները վերջնականապես ազատվել են էբոլայի վարակի փոխանցման բուն ցանցերից:

Էբոլայի վարակը 2015 թվականին խլեց 3000 մարդու կյանք, սակայն տարվա վերջում Սիեռա Լեոնեում, Գվինեայում և Լիբերիայում հաջողվեց վերջ դնել համաճարակին:

2015 թվականը Արևմտյան Աֆրիկայի համար լի էր մարտահրավերներով: Սիեռա Լեոնեն նոյեմբեր ամսին էբոլայից զերծ ճանաչվեց: Այնուհետև երկու մահացու տարի վարակի դեմ պայքարից հետո հերթը հասավ Գվինեային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Բրյուս Էյլվարդը ասում է, թե երկու տարի պայքարից հետո, կարող ենք ասել որ երեք երկրներն էլ վերջնականապես ազատվել են վարակի փոխանցման բուն ցանցերից:

Կազմակերպության տվյալներով, վարակը սկսվել էր 2013 թվականի դեկտեմբերին, երբ մի փոքրիկ երեխա վարակվել էր Գվինեայի անտառաշատ շրջանում:

Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Էնթոնի Ֆաչիի խոսքերով, Հանրային առողջապահության ոլորտի մասնագետները, այդ թվում և նա, հավատացած են, որ վարակի նոր բռնկումներ դեռևս կլինեն: Այդ պատճառով իրենք պետք է նախապատրաստվեն դրա դեմ պայքարին:

Հուսադրող է այն հանգամանքը, որ կառավարությունները, առողջապահության աշխատակիցները, դեղագործական ընկերությունները այժմ ավելի պատրաստված են և վարակի սկսվելու դեպքում, ի վիճակի կլինեն այն շուտ կասեցնել:

2014 թվականին իր հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի նախագահ Թոմ Ֆրայդենը ասել էր, որ կազմակերպության նպատակն էր երկրներին ապահովել ավելի ամուր առողջապահական համակարգով:

«Մենք հույս ունենք», ասել էր նա, «ոչ միայն վերջ դնել վարակին, այլ նաև ստեղծել լաբորատորիաներ, դեղամիջոցներ և առողջապահության անձնակազմ, ովքեր կկարողանան նման վարակների առաջացման դեպքում դրանք արագորեն հաղթահարել»:

Մասնագետները մեկ այլ համաճարակ չեն ակնկալում նաև այն պատճառով, որ այժմ էբոլայի վարակը կանխելու պատվաստանյութ կա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է 2016 թվականին այս երեք երկրներում բարձրացնել առողջապահության մակարդակը, հատկապես հղի կանանց և երեխաների շրջանում:

Համաշխարհային բանկն էլ իր հերթին հայտարարել է, որ էբոլայի վարակի նոր բռնկումների դեմ պայքարի և այս երկրներում առողջապահության մակարդակի բարելավման համար կտրամադրի 1.5 միլիարդ դոլար: