Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում:
«Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով անցած երեկոյին ներկա էին ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ, Ամերիկան իմ կարծիքով, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ եւ համապարփակ՝ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով», - հայտարարեց ԱՄՆ-ի կոնգրեսական Ռոբերտ Դոլդը:
Նշենք, որ Կոնգրեսում անցնող միջոցառման ընթացքում մի շարք անձինք Կոնգրեսի շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում հայտարարում էին, թե Երեւանը գտնվում է Մոսկվայի ազդեցության տակ, եւ մեղադրում էին Հայաստանին` ադրբեջանական հողերը գրավելու մեջ: Մինչ դրսում ընթանում էր բողոքի ցույցը, ներսում կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրեց կրակի հետ խաղ անելու մեջ:
«Սա մահացու վտանգավոր, պատերազմական եւ սադրիչ գործելաոճ է Ադրբեջանի կողմից եւ մեր դիվանագետները պետք է այն անվանեն իրական անունով», - ընդգծեց Շիֆը:
Շնորհակալություն հայտնելով հավաքվածներին՝ Կարեն Միրզոյանը ավելացրեց, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն անընդմեջ խախտել է զինադադարը:
Զինադադարի պահպանման հարցին էր նվիրված Միացյալ Նահանգների ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Կոնգրեսականը հիշեցրեց, որ ստացված հաղորդումների համաձայն, շփման գծում վերջին օրերի ընթացքում արձակվել է 1500 փամփուշտ ու արկ:
«Հազար հինգ հարյուր փամփուշտ է արձակվել տանկերից եւ ականանետներից, իսկ Լեռնային Ղարաբաղում այդ պայմաններում ապրում է 140,000 մարդ՝ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ»:
Ռոյսը կրկին կոչ է հղեց Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում հատուկ սարքեր տեղադրել, որոնք կարձանագրեն հրադադարը խախտողին եւ թույլ կտան նրան պատասխանատվության ենթարկել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քըրբին «Ամերիկայի Ձայն»-ին ավելի վաղ ասել էր, որ հրադադարի խախտումը եւ ծանր հրետանու օգտագործումը անընդունելի է: Նա կոչ էր արել կողմերին խուսափել բռնություններից եւ զբաղվել ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների կազմակերպմամբ: