Բարաք Օբամա. "Մենք հաղթելու ենք ահաբեկչության դեմ պատերազմում"

Your browser doesn’t support HTML5

Կիրակի երեկոյան հանդես գալով Սպիտակ տան Օվալաձեւ սրահից` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն դեռեւս փաստեր է հավաքում Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում իրականացված հրազենային հարձակումների մասին` ավելացնելով, որ դեռեւս չկան վերջնական ապացույցներ այն մասին, որ հարձակումներն իրականացնողները կապ են ունեցել երկրագնդի հակառակ կողմում գործող ահաբեկչական խմբերի հետ: "Սակայն այն, որ սա ահաբեկչական հարձակում է եղել, արդեն անհերքելի փաստ է":

Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ը խստացրել է ահաբեկչության դեմ իրականացվող միջոցառումները, սակայն լավ է հասկանում այն ամերիկացիներին, ովքեր հարց են տալիս, թե ինչ պիտի արվի “եթե մեր առջեւ կանգնած է մի քաղցկեղ, որը չունի արագ բուժում”:

“Մենք ոչնչացնելու ենք “Իսլամական պետություն” խմբավորմանը”, հայտարարեց Օբաման` խոստանալով, որ ԱՄՆ-ի զինված ուժերը որսալու են ահաբեկիչներին, որ երկրում էլ նրանք լինեն, ու որտեղ էլ որ նրանք թաքնվեն: Նա խոստացավ շարունակել Սիրիայում ու Իրաքում “Իսլամական պետություն” խմբավորման` Դաեշի դեմ կռվող ուժերի մարզումներն ու զինումը: ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց նաեւ, թե միջազգային համայնքը սկսել է Սիրիայի պատերազմն ավարտին հասցնելու ուղղությամբ ժամանակացույց կազմել:

Օբաման իր ելույթում նաեւ տեղեկացրեց, որ ինքը հրահանգել է Պետդեպարտամենտին ու Հայրենիքի անվտանգության նախարարությանը` վերանայել վիզային հեշտացված այն ծրագիրը, որից օգտվելով են Կալիֆորնիայի հարձակումներն իրականացրած անձինք մուտք գործել ԱՄՆ:

Օբաման ասաց, թե ԱՄՆ-ը մեկ անգամ եւս չպետք է ներքաշվի երկարատեւ պատերազմի մեջ` նշելով, որ Դաեշի նպատակն էլ հենց դա է:

“Մահմեդական ղեկավարները պետք է մեզ հետ աշխատեն` մերժելու համար ատելության հողի վրա հիմնված գաղափարախոսությունները, եւ տարբեր կրոնների պատկանող բոլոր ամերիկացիների պարտականությունն է հերքել այն տեսակետը, որ մահմեդական ամերիկացիների նկատմամբ ցուցաբերվում է տարբեր վերաբերմունք”, հայտարարեց Օբաման:

“Մենք պատմության ճիշտ ուղի են ընտրել եւ վստահ ենք, որ հաղթելու ենք ահաբեկչության դեմ պատերազմում”, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը: