ԱՄՆ-ում գլխավոր խնդիրներն են ահաբեկչության վտանգը եւ սիրիացի փախստականները

Բրյուսելից մինչեւ Նյու Յորք այս օրերին իրականացվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Իսկ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնից հանդես է գալիս ՝՝Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման դեմ ուժեղ պայքար տանելու խիստ խոսքերով։

՝՝Մենք ոչնչացնելու ենք նրանց։ Նրանցից հետ ենք վերցնելու գրավված բոլոր տարածքները, կտրելու ենք նրանց ֆինանսական մուտքերը, որսալու ենք նրանց ղեկավարներին, ապակազմավորելու ենք նրանց ցանցը ու ի վերջո ոչնչացնելու ենք՛՛։

Ամերիկայում անցկացված վերջին հարցումներից մեկի արդյունքների համաձայն, ամերիկացիների 28 տոկոսը նախագահական եկող ընտրություններում իր համար ամենակարեւոր հարցը համարում է ահաբեկչության դեմ պայքարը։ Նրանցից շատերն աջակցում են ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ օդային գրորներն ուժգնացնելու առաջարկը եւ դեմ են Միացյալ Նահանգներում սիրիացի փախստականներ ընդունելուն։

Նախագահական թեկնածու դառնալու հանրապետական հավակնորդներից Դոնալդ Թրամփը շատ խիստ է մոտենում այս խնդրին։

՝՝Եթե ես ընտրվեմ, նրանք հետ կգնան։ Մենք չենք կարող նրանց ընդունել, նրանք պիտի հետ գնան՛՛, հայտարարել է նա:

Դեմոկրատ հավակնորդներից Հիլարի Քլինթընի խոսքերով.

՝՝Չենք ուզում որպես՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը ճնշելու միջոց ընտրել մեր սահմանները փախստականների առջեւ փակելու եղանակը՛՛։

Փախստականների առջեւ դռները փակ պահելուն դեմ է արտահայտվում ու գործում նաեւ ներկա նախագահ Օբամայի վարչակազմը։ Այս մասին շարունակ կրկնում են նրա վարչակազմի անդամները։

Երկրի փոխնախագահ Ջո Բադընի խոսքերով,՝՝Հենց այս պահին փախստականները 18-ից 24 ամիս են սպասում մինչեւ նրանց մասին բոլոր տեղեկությունների հայթհայթումը։ Ու ի տարբերություն Եվրոպայի, փախստականները ոտք չեն դնում Միացյալ Նահանգներում, քանի դեռ մանրակրկիտ կերպով չեն ենթարկվել քննության։ Ու եկեք լավ հիշենք, թե ովքեր են այս փախստականների մեծ մասը՝ կանայք, երեխաներ, որբեր ու տանջահար եղած անձինք՛՛։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն անցյալ շաբաթ քվեարկեց Սիրիայի փախստականներին ընդունելու մասին Օբամայի վարչակազմի որոշման դեմ։ Սենատում քննարկումներն այս հարցով սկսվելու են հաջորդ շաբաթ, որտեղ որոշումը մեծապես կախված կլինի եկող օրերին Եվրոպայում, ԱՄՆ-ում ու այլուր զարգացող իրադարձություններից։